ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԵՊՀ Գիտխորհուրդը որոշում է կայացրել միավորել ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի ֆակուլտետները:
Իսկ, թե ինչու են նման որոշում կայացրել ArmLur.am-ը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
«Ֆակուլտետը չի փակվել, այլ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միաձուլվել են դառնալով ֆիզիկայի ինստիտուտ: Ավելին նշեմ, որ երկու ֆակուլտետներից գիտխորհուրդի նիստում որեւէ առարկություն չի եղել, բոլորը համակարծիք են եղել այս որոշման հետ: Իրականում այս ծրագիրը երկար քննարկվել եւ մանրակրկիտ ուսումնասիրվել է, վերլուծությունների է ենթարկվել: Այս պահին ֆիզիկայի բաժնում սովորում է 197 ուսանող, իսկ ռադիոֆիզիկայում՝ 301, այսինքն՝ միացնելով ունենում ենք բավականին կոմպակտ մի կառույց:
Նախկինում այս բաժինները բաժանվել էին անձնական խնդիրների պատճառով, որը վերականգնեցինք մեր կրթական բարեփոխման ծրագրի շրջանակներում»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ այսօր ԵՊՀ-ում տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման ու ստեղծման վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրանց արդյունքում Ֆիզիկայի ինստիտուտի ստեղծման վերաբերյալ նախագիծը, ներկայացվել են կատարողականներ ու հաշվետվություններ, հրատարակության է երաշխավորվել երկու աշխատություն։
Լիդա Եղիազարյան