«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Գլոբբինգ» ընկերությունից վերջին շրջանում քաղաքացիները սկսել են շատ դժգոհել, եւ խաբեության մակարդակն այնքան է բարձրացել, որ նրանցով զբաղվում են պետական մարմինները: Գրել էինք, որ ընկերությունն արդեն հասցրել է տուգանվել ավելի քան 61 մլն դրամի չափով:
Այս հրապարակումից հետո եւս խմբագրություն ընթերցողների ահազանգերը չեն դադարում: Քաղաքացի Արմինեն ArmLur.am-ի հետ զրույցում պատմելով իր հետ տեղի ունեցածը, նշեց, թե սպառողները պաշտպանված չեն որեւէ կերպ: «Օգտվել եմ «Գնիր իմ փոխարեն» ծառայությունից, որպեսզի իրենք ստանան, իրենք ստուգեն եւ փոխանցեն ինձ անվնաս վիճակում: Դրա համար ես հավելյալ գումար եմ վճարել եւ պատվիրել եմ այս դեպքում հեռուստացույց՝ 108 հազար դրամ: Հեռուստացույցը բերել են ինձ փակ վիճակում եւ ես պարզել եմ, որ այն ամբողջությամբ վնասված է: Ես կապ եմ հաստատել նրանց հետ, եւ «Գլոբբինգը» երկու շաբաթ ժամանակ խնդրեց՝ պարզելու համար, թե որ փուլում է տեղի ունեցել, իրենք ասացին, թե իրենց մեղքով չի եղել», – նշեց քաղաքացին:
Որպես փոխհատուցում Արմինեն նշեց, թե բեռնափոխադրումներով զբաղվող այս ընկերությունն իրեն առաջարկել է 45 հազար դրամ վճարել, որ ապրանքը հետ ուղարկեն տվյալ կազմակերպությանը որպես խոտան եւ սա այն դեպքում, երբ առաքելու համար նա 13 հազար դրամ էր վճարել:
Սա դեպքերից միայն մեկն է: ԱՄՆ-ից վերջերս նաեւ ավտոմեքենայի մարտկոց է պատվիրած եղել ՀՀ քաղաքացիներից մեկը՝ բավական թանկարժեք, սակայն կրկին վնասված է եղել: Մեկ այլ քաղաքացի օծանելիքներ է պատվիրած եղել եւ առաքել են ոչ ամբողջական վիճակում, եւ 4 օծանելիքներ չեն եղել: Նման օրինակները բազմաթիվ են: