Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նոր պաշտոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

ՍԴ փոխնախագահի կենսագրությունը

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 20-ին Երևանում:

Կրթություն

1997 թվականին
ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին ավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում

2001 թվականին Հռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականին Վարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականին Վաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականին Բեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

Աշխատանքային գործունեություն

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

2019 թվականի հունիսի 18-ին Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2016 թվականից Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:

2014-2018 թթ. հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

2013-2019 թթ. աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:

2011-2015 թթ. զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:

2001-2019 թթ. իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:

2001-2005 թթ. եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:

1999-2000 թթ. աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:

1996-1997 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:

Այլ տվյալներ
1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




Լրահոս