ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:
«Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է:
Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը: