Ո՞վ է իրական շահառուն. իրավաբանական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր՝ իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով (bo.e-register.am): Հայտարարագիրը չներկայացնելու և ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է պատասխանատվություն։

Նախորդ տարիներին հայտարարագիրը ներկայացրած անձինք ևս պարտավոր են մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը գործակալություն ներկայացնել հաստատում առ այն, որ իրական շահառուների վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տվյալներ, կամ՝ փոփոխված տեղեկություններ իրական շահառուների վերաբերյալ։

Եվ չնայած այս կանոնները գործելու են հունվարի 1-ից, սակայն շատերն անգամ տեղյակ չեն, որ նման կարգավորումներ են առկա եւ պետք է ներկայացնեն հայտարարագիր: ArmLur.am-ը ներկայացնում է հայտարարագիր ներկայացնելու կարգն ու փորձում հանրությանը ներկայացնել, թե ինչ է սպասվում նրանց:

Այսպիսով, հայտարարագրի համար հաստատված է համապատասխան ձևաթուղթ, որը լրացվում է էլեկտրոնային տարբերակով և ներկայացվում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Հայտարարագիրը կազմված է մի քանի բաժնից, տեղեկություններ են լրացվում միջանկյալ իրավաբանական անձանց, իրական շահառուների մասին տվյալներ: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Սկզբում կլինի նախազգուշացում, հաջորդ փուլում հնարավոր է լինի նաև վարչական տուգանք մինչև 100 հազար դրամի սահմաններում:

Պատասխանենք մի քանի գլխավոր հարցերի.

  • Ո՞վ է իրական շահառուն։

Իրավաբանական անձի իրական շահառուն ֆիզիկական անձ է, որին փաստացի պատկանում է կազմակերպությունը կամ որն իրականում վերահսկում է կազմակերպությունը: Իրավաբանական անձի իրական շահառու հանդիսանալու չափանիշները սահմանվում են օրենքով։

  • Ի՞նչ ժամետներում և ի՞նչ կարգով իրավաբանական անձինք պետք է ներկայացնեն հայտարարագրերը։

Իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և դրա հետագա փոփոխությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է bo.e-register.am համակարգում մուտք գործել կազմակերպության էջը և առցանց լրացնել ու հանձնել էլեկտրոնային հայտարարագիրը։

Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք մինչև փետրվարի 20-ը պետք է տեղեկատվություն ներկայացնեն նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Ն.Հ.




Լրահոս