Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը մտահոգված է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով և կոչ է անում լիարժեք վերականգնել տեղաշարժը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը՝ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքներով:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձին հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հեռախոսազրույցների ընթացքում նրանք ամփոփեցին Վաշինգտոնում սեպտեմբերի 27-ին կայացած իրենց համատեղ հանդիպումից հետո ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ ընթացող խաղաղության բանակցություններում տեղ գտած առաջընթացը։ Բոլորը հաստատեցին իրենց հանձնառությունը բանակցային գործընթացին, որի նպատակը խաղաղության համաձայնագրի ամբողջականացումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում Ջեյք Սալիվանը երկու կողմին էլ հորդորել է դիտարկել քայլեր, որոնք կմեղմեն լարվածությունը և հիմքեր կնախապատրաստեն ապագա բարիդրացիական հարաբերությունների համար։

«Պարոն Սալիվանը փաստեց, որ այս պահին շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի տեղաշարժի արգելքներով և այդ իրավիճակից բխող հետզհետե ծանրացող հումանիտար հետևանքներով և կոչ արեց լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս