ԱՊՕՐԻՆԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին բնապահպանական  պայքարի հիմնական թիրախը Թռչկանի ջրվեժն է: Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանին գտնվող բնության այս չքնաղ նվերը վտանգված է, քանի որ ինչ-որ «Ռոբշին» ՍՊԸ որոշել է այդտեղ հիդրոէլեկտրակայան կառուցել: Ամիսներ շարունակ հարցի շուրջ ծավալված հրապարակային քննարկումներն ու բողոքի տարբեր ակցիաները, սակայն, արդյունք չտվեցին: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախ հանձնարարական տվեց կասեցնել ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները, ապա իր իսկ խոսքն առ ոչինչ համարելով`  հայտարարեց, որ կառուցվելիք ՀԷԿ-ը որեւէ կերպ չի վտանգի ջրվեժի գոյությունը, քանի որ ՀԷԿ-ը կշահագործվի որոշակի սահմանափակումներով: Մի խոսքով` հեքիաթներ, որոնց ոչ ոք չի հավատում, քանի որ փաստ է, որ Հայաստանում երբեւէ որեւէ նման օբյեկտի շահագործում չի իրականացվել օրենքով ստանձնած պարտավորությունների ու չափորոշիչների համաձայն: Եւ վստահաբար, Թռչկանի ջրվեժը եւս բացառություն չի լինելու: Սա կարող ենք պնդել միանշանակ, քանի որ այդ ՀԷԿ-ի կառուցումն արդեն իսկ իրականացվում է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտմամբ: Չիչկան գետի վրա 25 մետր բարձրությունից թափվող Թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենաջրառատ ջրվեժն է, որն իբրեւ եզակի գեղագիտական արժեք ունեցող ջրագրական հուշարձան՝ ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում:  Իսկ  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով  արգելվում է Հայաստանում բնության հուշարձանի  զբաղեցրած տարածքում հուշարձանի  պահպանությանը սպառնացող որեւէ գործունեության իրականացումը: Այսինքն` համաձայն ՀՀ օրենսդրության` Թռչկանի տարածքում ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունն ապօրինի է, եւ այստեղ երկու կարծիք չի կարող լինել: Մինչդեռ ՀՀ կառավարությունը` ի դեմս բնապահպանության նախարարության, դրական փորձաքննական եզրակացություն եւ ջրօգտագործման թույլտվություն է տվել: Ասել է թե` Արամ Հարությունյանը խախտել է օրենքը: Բայց, ինչպես գիտենք, Հայաստանում դա անելու համար որեւէ մեկը չի պատժվում: Դրա համար  մոգոնվում են բազմաթիվ անհեթեթ չափորոշիչներ ու սահմանափակումներ, որոնց հիմնական նպատակն օրենքի պահանջը լղոզելն ու այն շրջանցելն է: Թռչկանի օրինակով իշխանությունները եւս մեկ անգամ հրապարակավ ցույց են տալիս, որ թքած ունեն հանրային շահի ու կարծիքի վրա, իրենց համար կարեւորն իրենցից մեկի անձնական բիզնես շահն է: Այլապես անհասկանալի է, թե ինչով է հիմնավորված ՀԷԿ-ի կառուցումն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկի վրա:  Թռչկանի հարցը կարող է նաեւ շատ վտանգավոր նախադեպ դառնալ, որպեսզի վաղը նույն կերպ  խախտվի  Սեւանի մասին օրենքը, եւ սկսի շահագործվել լճի ավազանում` բոլորի աչքից հեռու, կամաց-կամաց կառուցվող ոսկու վերամշակման կոմբինատը: Ինչեւէ: Այսօր բնապահպանության նախարարությունում տեղի է ունենալու հերթական քննարկումը` բողոքող բնապահպանների եւ ՀԿ-ների մասնակցությամբ:




Լրահոս