Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը:
Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին:
Հաջորդիվ, նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, սահմանային անվտանգության ու սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող այլ հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքների վերաբերյալ: