Հունաստանի Հայ դատի հանձնաժողովը և ՀՅԴ երիտասարդական միությունն ակցիա են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման՝ Աթենքում Եվրոպական խորհրդի կենտրոնական գրասենյակի դիմաց՝ Հունաստանի խորհրդարանի հարևանությամբ, հայտնում է Azator-ը։ Ակցիային մասնակցել են նաև եկեղեցու ներկայացուցիչներ, Ազգային վարչակազմի, Հունաստանի Կապույտ Խաչի անդամներ և այլք։ Ակցիայի մասնակիցները եղել են Արցախի և Հայաստանի դրոշներով և պաստառներով։ Նրանք իրենց բողոքն են հայտնել Արցախը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականության դեմ, որի բնակչությունը լուրջ հումանիտար աղետի առաջ է կանգնած։ ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչները պահանջել են եվրոպական իշխանությունների անմիջական միջամտությունն Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման, ինչպես նաև արցախահայությանն ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու գործիքակազմի ստեղծում։
Հունաստանի հայերի գրավոր պահանջները փոխանցվել են Եվրոպական խորհրդի պատվիրակությանը։ Ակցիայի ավարտին դրա մասնակիցները լապտերներով ընդգծել են SOS բառը՝ որպես Արցախի ժողովրդին ադրբեջանական հանցագործություններից փրկելու կոչ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: