ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին բացահայտված՝ ՀՀ-ում գրանցված մի քանի կազմակերպությունների կողմից մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ ապրանքներ ներմուծելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը նույն կազմակերպությունների կողմից իրականացված այլ ներմուծումների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մանդարանի անվան տակ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով հագուստի ներմուծման ևս մեկ հանցավոր սխեմա:
ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 11-ին, երկու տարբեր կազմակերպությունների կողմից, ՀՀ սահմանային անցման կետերից մեկով, երկու տարբեր տրանսպորտային միջոցներով ՀՀ են ներմուծվել ապրանքներ (համաձայն փաստաթղթերի՝ մանդարին):
Մաքսային հսկողության շրջանակում առաջին կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն հսկողության, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Որոշ ժամանակ անց մաքսային հսկողության են ներկայացվել մյուս կազմակերպության փաստաթղթերը և որոշվել է ռենտգեն զննության ենթարկել նաև այդ կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը: Սակայն, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ երկրորդ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կեղծված տարբերակները տեղադրվել են առաջին տրանսպորտային միջոցի վրա և ռենտգեն հսկողության նպատակով մաքսային մարմիններին կրկին ներկայացել է առաջին տրանսպորտային միջոցը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այսպիսով, տրանսպորտային միջոցների համարանիշների կեղծման միջոցով հագուստով բարձված տրանսպորտային միջոցը խուսափել է մաքսային հսկողությունից:
Նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ: