10 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Հարգելի Ալեքսեյ Լոգվինի,

Հարգելի բարեկամներ, գործընկերներ,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։

Օգտվելով առիթից` առաջին հերթին հայկական կողմի անունից ցանկանում եմ ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի նշանակությունը մեր երկրի համար և գոհունակությամբ ընդգծել օրակարգի գործարար հագեցվածության, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կողմերի հետևողականության և պայմանավորվածությունների կատարման արդյունավետությանը։

Այստեղ ակնհայտ է անձամբ Ձեր դերը, Ալեքսեյ Օվերչուկ, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։

Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։

Ըստ այդմ, այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ամփոփել մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն հարցերի մասով ընթացիկ իրավիճակը և ծրագրել միջոցառումներ սոցիալ-տնտեսական և հումանիտար ոլորտներում մեր համագործակցության համակարգային կարևորություն ունեցող ուղղություններով:

Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։

Եվ ներկա պահին, արդեն 12 օր է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ, կանգնած են հումանիտար աղետի եզրին։

Չնայած բոլոր դժվարություններին, այսօրվա իմ ելույթում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի ներկայիս միանշանակ դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։

Այստեղ, նախ և առաջ, հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։

Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց մենք այն, իմ տեսանկյունից, լիովին հաղթահարում ենք։

Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում:

2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։

Ընթացիկ տարվա կարևոր արդյունք ենք համարում մեր պետությունների կառավարությունների միջև տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը։ Համոզված եմ, որ հաջորդ տարի մենք համատեղ կհաստատենք դրա իրականացման Գործողությունների մանրամասն ծրագիրը։

Գործընկերներ,

Ցանկանում եմ նշել, որ մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։

Մենք հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։

Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։

Մեզ հաջողվեց տարիներ շարունակ կուտակված և չլուծված բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ գտնել։

Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում համագործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։

Այս համատեքստում գոհունակությամբ ուզում եմ նշել, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։

Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։

Այս ուղղությամբ մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք մեր երկրների տարանցիկ ներուժը, որպեսզի բավարարենք ինչպես տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ մեր քաղաքացիների կարիքները։

Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։

Կարևոր է նշել, որ մեր երկրների միջև բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումները շարունակում են իրականացվել առանց թույլտվության։

Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։

2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։

Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում:

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։

Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։

Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է։

Հարգելի ընկերներ,

Ամփոփելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա նիստի բոլոր մասնակիցներին, փորձագետներին, մեր երկրների նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին հայ-ռուսական բազմաշերտ գործընկերության հետ կապված հարցերի ողջ շրջանակի կառուցողական, մանրամասն, արդյունավետ քննարկման համար»:

Ամփոփելով երլույթը փոխվարչապետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել խաղաղություն ու բարօրություն:

Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը:

Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը:




Լրահոս