Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ֆրանսիական La Vie հեղինակավոր պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Պետնախարարի գրասենյակը:
Ֆրանսիական հեղինակավոր La Vie պարբերականը հրապարակելով Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ նախաբանում նշել է, որ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակվել է բնապահպան ակտիվիստների կերպարի տակ քողարկված ադրբեջանցի զինվորականների կողմից՝ առաջացնելով աննախադեպ հումանիտար աղետ»։
Պատասխանելով իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ականատեսն ենք երկակի ստանդարտների վառ օրինակի։ «Մենք հարձակման ենք ենթարկվում ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմի կողմից, որն իր երկրում չի հարգում մարդու իրավունքները, որը լռեցնում է մամուլի ձայնը, որը համաշխարհային մասշտաբով ներգրավված է փողերի լվացման և կոռուպցիայի մեջ… Բայց այդ ռեժիմը ոչ մի պատժամիջոցների չի ենթարկվել, իսկ միջազգային լրատվամիջոցներն ու միջազգային հանրությունը հիմնականում լռություն են պահպանում։ Այս անտարբերությունը սարսափեցնում է մեզ»։
Դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մեր երկու ժողովուրդների միջև շատ բռնություն և մահեր են եղել, իսկ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն են սովորեցնում… Դեպի խաղաղություն տանող ճանապարհը գտնելը քայլ առ քայլ, երկար գործընթաց է լինելու»։
Պարբերականի միջոցով իր ուղերձը փոխանցելով Ֆրնասիային՝ Արցախի պետնախարարը նշել է, որ Ֆրանսիան եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել հայերի նկատմամբ ցեղասպանությունից հետո։ «Ես պարզապես կցանկանայի ասել ֆրանսիացիներին. թույլ մի՛ տվեք, որ ողբերգությունը տեղի ունենա երկրորդ անգամ: Մի՛ բավարարվեք մեզ հետագայում օգնության ձեռք մեկնելով, կանխե՛ք այն, ինչ կարող է պատահել: Միշտ ավելի լավ է խուսափել աղետներից, քան ստիպված լինել կառավարել դրանք…»: