ՈՒԺԵՂՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ԵՆ ՄՐՑԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների համահեղինակն է, որի ընդունումից հետո շատ պաշտոնյաներ եւ օլիգարխներ մամուլի դեմ տասնյակ հայցեր են ներկայացրել դատարաններ: «Չե՞ք զգում, որ թերի եւ վատ նախագիծ «անցկացրիք»»,-«Ժողովուրդ»-ի այս հարցին Գեւորգյանը պատասխանեց.
-Ես իմ համահեղինակած օրենքից երբեք չեմ խուսափում: Այդ օրենքը մարդու արժանապատվության, գործարար բարի համբավին վերաբերող  օրենք է, որի մեջ դրականն այն էր, որ խնդիրը քրեական դաշտից տեղափոխվեց քաղաքացիական հարթություն: Ինչ վերաբերում է օրենքի լավ եւ վատ կողմերին` մշակված բոլոր օրենքների թերիները երեւում են գործի դրվելուց հետո: Ես համամիտ եմ, որ ամեն մի ծնված օրենք ժամանակի մեջ միշտ էլ վերանայման խնդիր ունի, թեկուզ նաեւ հենց այս օրենքը` նշանակված թե՛ տուգանքների եւ թե՛ մեկ այլ ծագող խնդիրներում:
-Չե՞ք զղջացել, որ մամուլի գլխին կախվեց այս դագանակը:
-Օրենքը չի ծնվել մամուլի համար: Նա իր ծնունդով հասարակության պահանջ է եւ շարքային քաղաքացիների միջեւ մարդկային եւ բարի հարաբերությունների կարգավորման միջոց: Դրանից հավասարապես եւ նույնիսկ առավել չափով կարող է օգտվել մամուլը` իր նկատմամբ կատարվող ոտնձգությունների դեմ: Պարզապես ցավում եմ, որ այս օրենքից առաջին տուժողը մամուլը եղավ: Բայց եւ այնպես ես համակարծիք չեմ, որ բարոյապես հզորներն ամեն մանր-մունր բաների վրա պիտի ուշադրություն դարձնեն եւ դուրս գան մամուլի դեմ: Ազատ մամուլը պետք է մեր երկրին, ժողովրդին եւ քաղաքական դաշտին:
-Պարո՛ն Գեւորգյան, փետրվարին  ԲՀԿ-ն հայտարարեց, որ Արցախի վիճակը լուրջ է, դրա համար նոր հուշագիր ստորագրվեց` սատարելով Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է, Արցախի հարցում հիմա ամեն ինչ կարգի՞ն է, որ ԲՀԿ-ն հայտարարում է, թե առանձին է գնալու ընտրությունների: Փաստորեն, ՕԵԿ-ն ավելի հավատարիմ գտնվեց իր ստորագրությանը, քան ԲՀԿ-ն, որի առաջնորդը բազմանշանակ հիշեցրեց «հաջորդ դասի մասին»:
-Ընտրությունները քաղաքական պրոցեսներ են, որի միջոցով ձեւավորվում է երկրի թե՛ օրենսդիր, թե՛ ամբողջ ներքաղաքական դաշտը: Եւ թե դրանից հետո որ քաղաքական ուժն ինչքանով մասնակցություն կունենա երկրի օրենսդիր եւ գործադիր դաշտում տեղի ունեցող պրոցեսներին, արդեն տվյալ կուսակցության ընտրությունների արդյունքներից կերեւա: Արցախը մե՛նք ենք, կորցնելով այն` կկորցնենք ողջ երկիրը: Առանձին ընտրությունների գնալը երբեւիցե չի խոսում ստորագրությանը հավատարիմ լինելու կամ չլինելու մասին: Պարզապես կասեի, որ ուժեղները միշտ էլ միայնակ են դուրս գալիս մրցակցության: Դա ուժեղների արտոնությունն է:
-Միեւնույն է, հասարակության մեծ մասը չի հավատում, որ ՀՀԿ-ԲՀԿ-ի հակասություն կամ մրցակցություն կա: Ինչո՞ւ ազնիվ չեք ժողովրդի հետ:
-Ընտրությունները տեղի են ունենում ժողովրդի կողմից, եւ երբ քաղաքական ուժը կեղծ խաղի մեջ մտնի եւ խաբի, երբեք չի կարող ժողովրդի քվեն շահել: ԲՀԿ-ն ունի իր հստակ էլեկտորատը հասարակության մեջ եւ ժողովրդի հետ շփվում է ոչ թե ընտրություններից ընտրություն, այլ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե: Ժողովուրդը չի կարող չհավատալ ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդ Ծառուկյանին: Իսկ ինչ վերաբերում է մրցակցությանը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, կասեի, որ դուք` լրագրողներդ եք հաճախ հարցադրումը ներկայացնում այդպես: Գուցե դա նրանից է, որ քաղաքական դաշտում որպես հզոր ուժ տեսնում եք ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, բայց ԲՀԿ-ի համար նախընտրական պայքարում ոչ միայն ՀՀԿ-ն, այլ մասնակից բոլոր քաղաքական ուժերն էլ համարվում են մրցակիցներ:
-Ծառուկյանը խոսել է Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու բարոյական իրավունքի մասին: Իսկ բարոյական է արդյո՞ք մարտի 1-ը շրջանցելը, որը նրա իշխանության օրոք է եղել:
-Գ.Ծառուկյանի հետ մենք թիմակիցներ ենք, եւ ես համամիտ եմ իմ կուսակցության առաջնորդի քաղաքական բոլոր կարծիքներին ու պատասխաններին: Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մարդ է եւ քաղաքական գործիչ: Իսկ ուժեղ մարդիկ միշտ էլ պետք են երկրի կառուցմանն ու առաջընթացի ապահովման գործին: Իսկ մարտի 1-ը երբեք կոծկել չի լինի, ինչպես դուք եք ասում: Դա մեր երկրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերից է, որը երբեք չի մոռացվի եւ պետք է միշտ զգոնություն հաղորդի ընտրություններում արդարության ու ազնվության գործոնը պահելուն: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործոնին` կապված մարտիմեկյան միջադեպերին, կասեի` չեմ կարծում, որ կառուցող, տնտեսական աճ ապահովող երկրի ղեկավարն իր պաշտոնավարման ավարտի վերջին օրերին կգնար մարտիմեկյան այդ իրադարձություններին: Իմ կարծիքով, մի այլ տրամաբանական դաշտի մեջ պիտի ման գալ Ձեր հարցի պատասխանը:  
-Մինչ դուք տարված եք քաղաքական խաղերով, երկիրը դատարկվում է: Դուք` որպես իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցության անդամ, ի՞նչ բացատրություն կտաք շարունակվող արտագաղթին:
-Արտագաղթի պրոցեսը կգնահատեմ շատ վատ` մեր երկրի համար: Արտագաղթը մեր հայրենակիցների մոտ ժամանակի ընթացքում բերում է արյան խառնուրդ եւ քաղաքակրթության ոչնչացում, ինչն էլ փոքր ազգերի համար կործանարար բնույթ է կրում:
-Իսկ ո՞վ է պատասխան տալու դրա համար:
-Դրա պատասխանատուն միշտ էլ եղել է երկրի վարիչ մեքենան, քանի որ նա է երկրում տարվող տնտեսական քաղաքականության մշակողը եւ երկրում ապրող սեփական ժողովրդի բարոյահոգեբանական արժեքների պահպանման գլխավոր մեխանիզմը, որովհետեւ երկրից հեռանում է մարդկանց երկու տեսակ. առաջինը` սոցիալական ծանր վիճակում հայտնվածները, իսկ երկրորդ տեսակը` սոցիալական խնդիրներին չառնչվող, բայց իրենց բարոյահոգեբանական արժեքները ոտնահարված մարդիկ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս