Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյալը Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։