Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը. թեմի առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Տերունական աղոթքով ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր արցախցիներ՝ տարբեր շրջաններից ու բնակավայրերից:

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համախմբվելու նպատակն ցույց տալու միասնականությունն ու վճռականությունը:

«Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք: Սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը: Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ որոնելու: Այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի: Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական է նաև մեզ համար. առաջինն ասում է փրկիր ինքդ քեզ և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և քո առաջ կխոնարհվեն բոլորը: Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթած լինեինք, ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: Բայց ուզում եմ, որ կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ: Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, որը փչացնում է մեր նկարագիրը, մոռացնում՝ Աստված ու եկեղեցի՝ ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհիկ գանձերը գերադասել երկնայինից: Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը»,-ընդգծեց Սրբազանը՝ հավելելով, որ աշխարհից մեկուսացած լինելու այս օրը առիթ է ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար:

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հորդորեց իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել , որովհետև բոլորով են նույն նավի մեջ և բոլորի մտածումներն ու հոգսերը նույնն են:

«Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը և, որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր հոգու և ազգի խղճի զարթուցիչը»,-համոզմունք հայտնեց Թեմակալ առաջնորդը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից նա կոչ-հորդորով դիմեց նաև մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին. «Արցախն ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների: Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու համար հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը: Ուստի սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ, ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը՝ ձեր ինքնության հենարանը: Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին»,-ասաց Արցախի հոգևոր առաջնորդը՝ հավաքի մասնակիցներին փոխանցելով Ն.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրական օրհնությունն ու եկեղեցու աջակցույունն արցախցու արդար պայքարին: Նա իր խոնարհումն ու աղոթքն է առաքել առ Աստված հերոս նահատակների հիշատակի համար և երախտիքն ու օրհնությունը բոլոր այն արցախցիներին, որ դժվարություններից հետո էլ կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին:

Սրբազանը նաև բարձր գնահատեց Արցախի պետականության գոյաբանական պայքարի այս ընթացքում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը:




Լրահոս