«Իմ հայտարարած բանաձեւով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում ես, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությունը»,- 2020 թվականի մայիսի 10-ին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարության օրերին եւ դրանից հետո էլ ակնհայտ էր, որ խաղաղության օրակարգ փաստացի գոյություն չունի: Դրա վառ ապացույցն այն հանգամանքն է նաեւ, որ Ադրբեջանն արդեն հինգ օր է՝ փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը կարող է հանգեցնել հումանիտար աղետի: Եվ չնայած մինչ այս Փաշինյանը խոսում էր խաղաղության մասին, սակայն արդեն երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, իր ելույթում մի քանի կետերով մեղադրեց ադրբեջանական կողմին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու համար: Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, թե պատրաստ է կատարել եռակողմ հայտարարության դրույթները: «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որեւէ սահմանափակում չի նախատեսում, եւ, հետեւաբար, Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաեւ շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,- նշել էր նա: Այսինքն՝ նա ժողովրդին խոստացել էր խաղաղություն, սակայն չիրականացրեց դա՝ կրկին խաբելով ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակ է արդեն 5 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի դիրքորոշումները կամ մոտեցումները որեւէ հարցի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում հրապարակվում են նախագահի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակների պաշտոնական օգտահաշիվներում: Լաչինի հումանիտար միջանցքի անխափան գործունեությունը պետք է իրականացվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Միջանցքի ապաշրջափակումը եւ գազամատակարարման վերականգնումը կենսական անհրաժեշտություն է Արցախի բնակչության համար, որը կանգնած է հումանիտար լրջագույն ճգնաժամի վտանգի առաջ», – ասված է պատասխանում:
Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվելուց ի վեր միջազգային տարբեր կառույցների երեւանյան գրասենյակների, ինչպես նաեւ դեսպանատների առջեւ հանրահավաքներ են տեղի ունենում: Դրանց մասնակցում են ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Արցախի մեր հայրենակիցները: «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ իրազեկման կամ բողոքի հանրահավաքներին չեն մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում կառավարական կաբինետի ղեկավարումը ստանձնելուց զատ, իրենց քաղաքական ուժն արդյոք նաեւ այս հարցում է կիսում արցախյան իշխանությունների քաղաքական բեռը, ու ինչով է բացատրում հանգամանքը, որ իրենց կուսակիցները հանրահավաքներին չեն մասնակցում: ««Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի համար կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելիս չեն նշում, որ կուսակցական են: Կուսակցության անդամները եւ՛ երեկ, եւ՛ դրա առաջին օրը բողոքի բոլոր միջոցառումներին մասնակցել են, բայց այդ մասնակցությանը կուսակցական երանգ տալու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ մասնակցում ենք, բայց չենք նշում, որ կուսակցությունը ներկա է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ այս հարցի շրջանակներում կուսակցական գործունեություն ծավալելը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ ճիշտ: Իսկ ի՞նչ արդյունավետություն ունի ծպտված մասնակցությունը:
Արդեն հինգերորդ օրն է, ինչ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, սակայն մինչեւ այսօր նրան փոխարինող չի նշանակվել, այնինչ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար արդեն նշանակվել է Ժաննա Անդրեասյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի թեկնածուի հարցում երկընտրանքի եւ փնտրտուքների մեջ է: Բանն այն է, որ այս ընթացքում ամեն ինչ արվում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա նշանակումն ուշանում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ հստակ որոշում չունի: Այս հանգամանքն էլ իր պատճառներն ունի: ՔՊ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ երկընտրանքի պատճառն այն դժգոհություններն են եղել, որոնք առկա են ՔՊ վարչության անդամների կողմից Արայիկ Հարությունյանի վերաբերյալ: Նա կտրվել է իրականությունից, նախկին ընկերներին վերից է նայում եւ, գումարած դրան, վատ կառավարիչ է: Փոխվարչապետի փնտրտուքները դեռ շարունակվում են…