ՊԵՏՔ Է ԽԱՌՆՎԻ ԵՄ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Այս ընթացքում դատապարտող եւ Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչեր եւ հայտարարություններ հնչեցին տարբեր երկրների եւ կազմակերպությունների կողմից:

 

ArmLur.am-ը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ զրուցել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, պատգամավոր Սվեն Կլեմենտի հետ:

-Պարո՛ն Կլեմենտ, արդեն չորրորդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակ է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Նախ՝ Ձեր տեսակետը՝ տիրող իրավիճակի վերաբերյալ:

-Իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անկայուն, քանի որ, ըստ հաղորդագրությունների,  տարածաշրջանում բազմաթիվ ակտիվ դերակատարներ կան։ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ անցում միջանցքով, սակայն կոնֆլիկտների ժամանակ անվտանգությունը հարաբերական է, երբ բազմաթիվ դերակատարներ ունեն բազմաթիվ շահեր, եւ դրանք բախվում են՝ մտահոգվելով, որ ռուսները վերահսկում են անցումը եւ անգամ պատրաստ են ուժով պաշտպանել իրենց շահերը։ Դա կարեւոր է: Այս իրավիճակներում կարելի է միայն բանականության կոչ անել:

-Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Բնականաբար, 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ կրակի դադարեցման մասին հայտարարությունը պետք է պահպանվի, եւ կողմերը հետեւեն դրան: Ես նույնպես կոչ եմ անում հետեւել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ճանապարհները պետք է բաց մնան, որպեսզի պահեն կապը երկու կողմերի միջեւ: Այդկերպ 3+3-ը լավ ֆորմատ եւ քայլ կարող էր լինել, սակայն մասամբ արդյունավետ էր, քանի որ Վրաստանը հարգելի կպատճառներով հրաժարվեց մասնակցել այդ ֆորմատին: Այդպիսի ձեւաչափերը կարողանում են համախմբել տարածաշրջանի տարբեր երկրներին եւ բանակցությունների միջոցով հնարավորություն են ստեղծում հասնել մի կետի, որտեղ հարեւան երկրներն ունենում են ընդհանուր կետեր: ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը նույնպես պետք է դիտարկվի եւ ներառվի ՄԱԿ ԳԱ-ի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում:

-Միջազգային հանրությունն այնքան էլ ակտիվ չէ, եւ դատապարտող հայտարարություններ տեսանք Լաչինի միջանցքը փակվելուց մի քանի օր անց միայն: Ինչո՞ւ է աշխարհը լուռ:

-Վստահաբար կարող ենք ասել, որ եվրոպական երկրներն ու ԵՄ ինստիտուտներն ավելի ակտիվ էին 2020 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ինձ թվում է՝ Ուկրաինայի կոնֆլիկտով պայմանավորված է այս պասիվությունը: Ներկայումս ԵՄ-ն ապահովում է իր էներգետիկ պաշարները եւ անում է ամեն ինչ, որպեսզի աջակցի Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ ԵՄ-ն կարող է որոշակի դեր խաղալ տարածաշրջանում եւ այդ պատճառով պետք է խառնվի, երբ կոնֆլիկտները ստեղծվում կան կրկնվում են: Այդ պատճառով ես կարող եմ միայն հույս ունենալ, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը եւ տարբեր երկրների ղեկավարները, ինչպիսին, օրինակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ժամանակ կգտնեն, որպեսզի Ադրբեջանին վերադարձնեն իր ուղու վրա: Մենք՝ որպես խորհրդարանականներ, պետք է բարձրացնենք այդ հարցը ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս՝ այլ խորհրդարանականների եւ միջազգային  ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Որքան ավելի շատ ուշադրություն լինի այս թեմային, այնքան ավելի լավ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐՑԱԽԸ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է

«ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է. հրատապ գրություններ եմ հասցեագրել ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին»,- այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

«Ավելի քան 3 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը։ Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետեւանքով՝

Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքը վտանգի տակ է, քանզի նրանք Երեւանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը,

l սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը դարձել է անհնարին,

l բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում՝ ցուրտ ձմռան պայմաններում, որն անթույլատրելի է,

l աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից եւ չեն կարողանում տուն վերադառնալ…

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումը Արցախին, որը հումանիտար եւ տնտեսական ահաբեկչություն է, որը հետեւողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։

Նաեւ ընդգծել եմ միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետեւանքով շրջափակված Արցախի ավելի քան 120000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները։ Արցախում իրավիճակը ծայրահեղ է։ Անհրաժեշտ են հրատապ քայլեր՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»։

 

 

 

 

ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ՀԱՆԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:

Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական  ակումբը»,  «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն:  «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել: Ի՞նչ է ստացվում. դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել: Սա, փաստացի, կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ: Փաստորեն, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ տիկին նախարարուհին չի որոշել ՆԶՊ առարկան հանել առարկայացանկից. նրա նախորդներն, ի դեպ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո նման մտադրություն ունեին, հանրային ճնշման ներքո, սակայն, այդ գաղափարից, փառք Աստծո, հրաժարվեցին:

 

 

 

 

ՄՏԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում եւ Հայփոստում: Իրավիճակն իսկապես ուշագրավ է, քանի որ վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության կողմից աննախադեպ ակտիվություն է նկատվում, եւ օրեցօր ավելանում են այն գերատեսչությունները, որտեղ այս կառույցը որոշել է ստուգումներ իրականացնել: Իհարկե, տարեվերջ է, եւ Պետական վերահսկողական ծառայության ակտիվությունը կարելի է նաեւ այդ հանգամանքով բացատրել, սակայն, այս ամենից զատ, շատ կարեւոր են առաջին հերթին արդյունքները, թե, ի վերջո, ինչ բացահայտումներ կլինեն այդ ստուգումների արդյունքում:

 




Լրահոս