ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին եւ տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս:

 

Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն եւ Հ.Ա.-ն 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով: Այնուհետեւ տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երեւանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է, «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ.-ին: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու եւ դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաեւ «Երեւանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, որն Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է: Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման եւ գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի՝ պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել, առանց նշված պարտավորության կատարման, իր սեփականության իրավունքը գրանցել Երեւան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այնուհետեւ ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ, այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում՝ տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ, «Երեւանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա, առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի եւ այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման եւ երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երեւանի Ե. Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաեւ պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ:

 

 

 

 

 

ԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ եւ ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերեւույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետեւ 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երեւան քաղաքի վերոնշյալ վայրում այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը:

Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2022 թվականի դեկտեմբերի 13-ին գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երեւան քաղաքի կրկին նույն վայրում քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է եւ ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը:

Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է աշխատանքից ազատվել ԲԴԽ արդեն նախկին անդամ Ստեփան Միքայելյանը: Մասնավորապես,  նա ասել է, որ 3 ամսից լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, եւ ինքը գնալու է թոշակի, ուստի այս երեք ամիսների ընթացքում պետք է հասցնի ՀՀ վճռաբեկ դատարանի գործերը ավարտին հասցնել եւ խնդրում է ազատել իրեն ԲԴԽ անդամի պաշտոնից: Նա մասնավորապես ցանկանում է իրականացնել միայն իր՝ դատավորի պարտականությունները եւ գնալ թոշակի:

Նշենք, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետի պաշտոնակատար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ նրա լիազորությունները դադարել են։

Հիշեցնենք՝ Միքայելյանը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի հայտնի հանդիպման մասնակիցն է եղել։ Ավելի վաղ ArmLur.am-ը գրել է, որ ԲԴԽ-ում հրաժարականների շքերթ է սպասվում:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՓՈՐՁ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աբովյան քաղաքում տատին խեղդամահ անելով սպանած 25-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել: Իրավապահները նրան հայտնաբերել են այն պահին, երբ նա, սավանները կապկպելով, փորձել է վերջ տալ կյանքին, սակայն կանխել են նրա գործողությունները: Մեզ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տվյալներ են ստացվել, որ սպանությունը՝ ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։

Դեպքի առթիվ 2022թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս