Ինչպես արդեն գիտենք, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին շուրջ 120 հազար բնակիչ փաստացի գտնվում է շրջափակման մեջ ադրբեջանցիների կողմից:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պաճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ, բացի այդ, երեկ երեկոյան Ադրբեջանը խափանել է նաեւ Արցախի գազամատակարարումը:
Արցախում կատարվող իրադարձություններից անմասն չեն մնում նաեւ հայ հայտնիները, որոնք համացանցային տիրույթում բարձրաձայնում են Արցախում տիրող իրավիճակի մասին եւ դիմում միջազգային կառույցներին:
Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց արձագանքները:
Երգչուհի Էմմի. «Մեր հայրենիքը յուրացնում են, էլ ուր մնաց՝ երգը չյուրացնեն»:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան. «Մեր երկրում պատկան մարմին չկա, անպատկան են միայն ու անպատկառ»:
Դերասան Գուրգեն Սարգսյան. «Արցախում արդեն չորս օր է՝ գազ չկա, բայց ոգի կա, ուժ կա, արժանապատվություն կա, իսկ մեզ մոտ գազ կա»:
Երգիչ, դերասան, հումորիստ Արամ MP3-ն «Ինստագրամ»-ի իր էջում գրառում է արել ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ. «Ադրբեջանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս մարդկության եւ մարդու իրավունքների նկատմամբ իր անարգանքը հայ ժողովրդի հետ հարաբերություններում: Երկու օր առաջ նրանք փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչպես անցյալ տարի, եւ անջատել գազամատակարարումը բնապահպանական նախաձեռնության պատրվակով` անելով հնարավոր ամենը, ինչն անհնար է դարձնում հայերի կյանքն այնտեղ: Ձմռան ամիսներին գազամատակարարման դադարեցումը կարող է աննախադեպ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ», – հրապարակած լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախաձեռնել է բողոքի ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակների դիմաց:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի եւ Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Silicon Mountains 2022-Ի 4-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Երեւանում կայացավ Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական 4-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին եւ այս անգամ նվիրված էր տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը:
Միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ողջույնի իր խոսքում վստահեցրեց, որ քննարկումների ընթացքում չեն խոսելու տեխնիկական լեզվով, այլ գնահատելու են ներկան եւ խոսելու են ապագայի մասին. «Մեր պանելային քննարկումներին մասնակցություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկելու ենք, թե բիզնեսին ինչ առավելություններ է տալիս խելացի լուծումների կիրառումը, եւ որոնք են զարգացման հեռանկարները»:
Միջոցառման ընթացքում կայացավ 4 պանելային քննարկում` նվիրված խելացի կառավարմանը, խելացի տնտեսությանը, խելացի բանկային համակարգին ու խելացի ենթակառուցվածքներին։
Միջոցառման գործընկեր «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը «Խելացի բանկային համակարգ» խորագրով քննարկմանն անդրադարձավ նաեւ «Ամերիաբանկ»-ի թվային փոխակերպման ուղուն, որը սկսվել է դեռ 2018թ.-ից. «Սա երկար ճանապարհ է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ: Այն ունի մշտական ընթացք, որի պարագայում, տարբեր իրավիճակային փոփոխություններից ելնելով, կազմակերպությունները նույնպես փոփոխվում են»,- նշեց նա` հավելելով, որ նաեւ այդ փոփոխությունների շնորհիվ է, որ այս տարի «Ամերիաբանկ»-ը միանգամից երեք հեղինակավոր պարբերականների` Global Finance-ի, Euromoney -ի եւ Financial Times -ի The Banker -ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում:
Պանելային քննարկումների մասնակիցները կիսվեցին իրենց փորձով ու տեսլականով, ինչպես նաեւ ներկայացրին համաշխարհային միտումները թվայնացման ոլորտում, Հայաստանի տեղն ու դերը այդ զարգացումներում եւ այլն:
Կարեւորելով նման հանդիպումների դերը` ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ քննարկումների արդյունքում ձեւավորված տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ կառավարությանը, մասնավոր հատվածին եւ բոլոր շահագրգիռ կողմերին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական -տեխնոլոգիական հաստատություն է եւ ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: «Ամերիաբանկ»-ը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական եւ ոչ ֆինանսական ծառայությունները եւ հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ եւ հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչեւ քարտի տրամադրման եւ ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:
«Ամերիաբանկ»-ն առաջնորդվում է հաճախորդամետ եւ բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:
ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
«Մատանիների տիրակալը. ուժի մատանիները» սերիալի երկրորդ եթերաշրջանը կղեկավարի կանանցից կազմված ռեժիսորների թիմը։
Ութ դրվագից բաղկացած եթեաշրջանի ռեժիսորական թիմում կաշխատեն Շառլոտա Բրանդսթրոմը, Սանա Համրին եւ Լուիզ Հուպերը: Լրատվականի տվյալներով՝ Բրանդսթրոմը ներգրավված է եղել նաեւ առաջին եթերաշրջանի աշխատանքներին, իսկ երկրորդ եթերաշրջանում նա կնկարահանի 4 դրվագ, իսկ գործընկերները կաշխատեն երկուական դրվագի ստեղծման համար:
«Մատանիների տիրակալը. ուժի մատանիները» նախագծում գործողությունները տեղի են ունենում «Հոբբիթ»-ի եւ «Մատանիների տիրակալ-ի» իրադարձություններից մի քանի հազար տարի առաջ: