ՀՀ Է ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւանի «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ ընդ սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները:

 

Զննման արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց: Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ ընդհանուր քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց: Մեկ այլ քաղաքացու անվամբ Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում՝ 334 գրամ ընդհանուր քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Նույն օրը որոշում է կայացվել անցկացնել մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում եւ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը եւ հանձնումը՝ փոխարինված զանգվածներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ օպերատիվ-տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաեւ Արարատի մարզի Գեղանիստ համայնքից առաքանիները ստանալուց հետո անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:

Միաժամանակ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ առաքանիները քաղաքացիները ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող Ի. Մ.-ն կրկին Միացյալ Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների եւս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է՝ կրկին առկա լինեն թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված եւս 7 առաքանի: Արդյունքում առաքանիներում հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 3 կիլոգրամ քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված անձինք եւ հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ կատարվում է նախաքննություն։

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հանգամանքներ:

 

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի եւ ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով եւ հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:

Այնուհետեւ տնօրենի պաշտոնակատարը համապատասխան հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ հրամանով ստեղծել է հանձնաժողով, սահմանել հանձնման-ընդունման ժամանակահատված, հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն, սակայն չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել, եւ վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության:

Այդ պայմաններում 2021թ. դեկտեմբերից մինչեւ 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի՝ առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման դադարեցումը։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու եւ դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաեւ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու եւ կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռեւս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որեւէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետեւանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին եւ Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետեւանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել եւ մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հրամանատարը կալանավորվել է:

 

 

 

Ի՞ՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում դատավորներն ընդհանուր ժողով են հրավիրել։ ԲԴԽ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։ Նշենք, որ հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի տեղը թափուր է, քանի որ դրա անդամ, իրավական գիտնական Անահիտ Մանասյանը նշանակվել է Գլխավոր դատախազի տեղակալ։ ԲԴԽ կայքում հրապարակվել են հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ինքնառաջադրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները եւ թեկնածուների կենսագրական տվյալները: Ինքնաառաջադրվել է 6 անձ՝ Կարեն Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը, Առնոլդ Վարդանյանը, Սիմոն Ֆարմանյանը, Հասմիկ Ստեփանյանը եւ Արմեն Եզեկյանը։ Հավելենք, որ քվորում կա, եւ նիստը մեկնարկել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս