Լուսանկարն արվել է Երեւանում
Ազգային ժողովի շենքի պարիսպը, նախկինի համեմատ, արդեն կրկնակի բարձր է: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ պարիսպների վերեւում նոր ցանկապատներ են ավելացրել: Ստացվում է, որ ԱԺ-ում հսկողությունն ուժեղացնում են. թե որն է պատճառը, հայտնի չէ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը տարածվո՞ւմ է արդյոք գրավատների վրա:
Մեսրոպ Պատվականյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում է սահմանափակում. ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300000 դրամ է:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Ո՞վ իրավունք ունի օգտվելու խնամքի ծառայություններից:
Կարեն Մկրտչյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:
ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամքի տրամադրման տեսակներն են՝ խնամքը տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում եւ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: