Armenian text to speach

Ահազանգ. ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը ծանր է. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Սիմոնյանն ArmLur.am֊ին ահազանգում է.

«Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ Ստեփան Գալստյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է տևական բժշկական հետազոտությունների ու վիրահատության:
Հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի կրման հետ, և որի հետագա զարգացումն էլ ավելի ծանր հանգրվանի է հասցնելու Ստեփան Գալստյանի ներկայիս առողջական վիճակը:
Չնայած նրան, որ վերը նշված ու բժշկական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով փաստարկված իրադրությունում Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով լիարժեք լիազորված է եղել փոփոխելու Գալստյանի խափանման միջոց կալանքը, այնուամենայնիվ, դատարանը հետաձգել է նշված հարցի քննարկումը՝ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք Գալստյանի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը համատեղելի է խափանման միջոց կալանքի կրման հետ:
Դրանից հետո, սակայն, բանից պարզվել է, որ այն հանձնաժողովը, որին դատարանը հանձնարարել է հիշյալ փորձաքննության կատարումը, չի գործում, և հայտնի չէ, թե երբ կգործի:
Այս հարցին Գալստյանի պաշտպանի կատարած հարցումներին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է վերացական պատասխաններ՝ հայտնելով, որ հանձնաժողովը գտնվում է կազմավորման փուլում, և փորձաքննությունների կատարումը մի փոքր կձգձգվի:

Եվ ահա, մինչև հանձնաժողովի ձևավորումը և փորձաքննության մի փոքր ձգձգվելը, Ստեփան Գալստյանը քրեակատարողական հիմնարկում շարունակում է տառապել ախտորոշված ծանր հիվանդությունից՝մոտավորապես երեք օրը մեկ պարբերականությամբ ստիպված լինելով առողջական նշված պայմաններում տեղափոխվել հիվանդանոց, փոքր-ինչ մեղմել ցավերը և կրկին վերադառնալ քրեակատարողական հիմնարկ:
Իսկ ամենահետաքրքրիրն այն է, որ դատարանը նույնիսկ այս պայմաններում հրաժարվում է փոփոխել Գալստյանի խափանման միջոցը՝ իրավագիտությանն անհայտ պատճառներով…»:

Նշենք, որ Գալստյանն անպիտան հրթիռների գործով կալանքի տակ է, իսկ նրա նկատմամբ քրեական վարույթով կալանքի տակ է նաեւ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս