Արդեն 2 շաբաթ է՝ Արցախի ոստիկանությունը ծառայում է ուժեղացված ռեժիմով. ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 19-26-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 34 հաղորդում: Նախորդ շաբաթվա համեմատ 3-ով նվազել է հաղորդումների թիվը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում հանցագործության վերաբերյալ գրանցվել է 21 հաղորդում, դրանք բոլորն արդեն բացահայտվել և քննության փուլում են:

Մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 5, խարդախության՝ 2, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության՝ մեկական դեպքեր: Ոստիկանության հերթապահ մասում թունավորվելու վերաբերյալ 4 հաղորդում է ստացվել: Դեպքերի հիմնական պատճառ է հանդիսացել խոհանոցում կամ լոգասենյակում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազը:

ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին անցանկալի հետևանքները բացառելու նպատակով հետևել անվտանգության կանոններին: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով՝ 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 15-ը՝ նյութական, 1-ը՝ մարմնական վնասով: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 1 քաղաքացի:

Ճանապարհապարեկային ծառայողները բացահայտել են առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 6 դեպք, 4 վարորդ եղել է անսթափ վիճակում: Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից:

Բնապահպանական պատճառաբանություններով Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն 2 շաբաթ է՝ Արցախը կատարյալ շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախի ոստիկանությունն ապահովել է քաղաքացիների կողմից կազմակերպվող բոլոր հանրահավաքների ու ցույցերի խաղաղ ընթացքը, հանրապետության տարածքում պահպանել հասարակական կարգ ու կանոն:




Լրահոս