Վահագն Խաչատուրյանն ընդունել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները:

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցել գործադիրի կողմից նախատեսվող ծրագրերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:




Լրահոս