ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար մարզիկներին պարգևատրել է շնորհակալագրերով:Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու գրանցած հաջողությունները 2022 թվականին և հույս հայտնել, որ հաջորդ տարի դրանք կկրկնապատկվեն՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ պետությունը նրանց կողքին է և պատրաստ է աջակցել ու նպաստել հետագա հաջողությունների գրանցմանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Բուխարեստում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականի առաջատար, 65 քաշային Աշոտ Ադամյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և 8-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Կիսաեզրափակչում էլ Ադամյանը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին, որը դարձել է երրորդ մրցանակակիր։
Հայաստանի հաշմանդային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին անցկացվել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներ: Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մասնակիցների թիվն այս տարի նվազել է արցախցի մարզիկների բացակայության պատճառով:
Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի ավելի վաղ 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում, այնուհետև Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը, իսկ հոկտեմբերին Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: