Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչիինի միջանցքը, արդեն 16-րդ օրն է, ինչ փակ է, ու սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիների կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում։
ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ հավելելով, որ Արցախում թեև խուճախ չկա, բայց խանութերում պարենային որոշ մթերքների սակավություն է նկատվում։
«Ճիշտ է՝ հիվանդանոցներում այս պահին դեռևս դեղորայքի պակաս չկա, բայց դեղատներում արդեն որոշ դեղամիջոցների պակասություն է նկատվում։ Եթե Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությանը, որ ուղղված է 120 հազար հայերի նկատմամբ, վերջ չտա, ապա վիճակը գնալով ավելի է խորանալու»,- ասում է Գալստյանը։
Նա այն տեսակետին է, որ եթե ճանապարհը շարունակվի փակված մնալ, ապա, գուցե, Կարմիր խաչի միջնորդությամբ՝ իրարից բաժանված ընտանիքները կմիավորվեն։
Խնդիրները, շարունակում է, իհարկե գնալով մեծանում են, բայց ժողովուրդը պայքարելու ոգի ու կամք ունի։ «Մարդիկ ընկճված չեն, պահպանում են զգոնությունն ու ամեն ժամ, ամեն րոպե սպասում, որ այս հարցը կկարգավորվի՝ իհարկե ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի կողմից ինչ-ինչ զիջումների գնալու գնով»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Սևակ Վարդումյան