Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը համատեղ զեկույցում ներկայացրել են նոր փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։ Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։

Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։

Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։




Լրահոս