2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի (Լավրովի պլան) իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների (Քելբաջարի եւ Լաչինի) հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։
«Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ ՏՍՏվփՈՑպսՖվօռ րՑՈՑցր ծՈչՏՐվՏչՏ ԽՈՐՈոՈւՈ (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որեւէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։
Ի գիտություն Փաշինյանի՝ 2007-ին Մադրիդում հակամարտության կողմերին ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է.
«1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում։ 2) Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։ Հայաստանի ղեկավարությունը, այսինքն, հերթական անգամ անում է հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 20 օր առաջ ահազանգել էր, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չրրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլեւ հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաեւ գազ չունի: Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա: «Մեր հարցը հենց այդ մասին է, որ իմանալով գլխներիս գալիքը՝ իշխանությունը կանխող ի՞նչ քայլեր է արել»,- ավելի հստակ ձեւակերպումով դիմեցինք իշխանական պատգամավորին, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Դուք ուշադիր հետեւե՞լ եք Հայաստանի պաշտոնատար այրերի ուղեւորություններին աշխարհի տարբեր մայրաքաղաքներ ու քաղաքներ: Բա էդ բոլորն ինչի՞ համար են արվում: Նրանք հո զբոսաշրջիկ չե՞ն: Կամ պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի նախագահի՝ տարբեր երկրներ այցերը…»: Թերեւս իրադարձություններն ու գործընթացներն են խոսում եւ վկայում, թե իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ինչ են արել, ինչով են զբաղվել. Հայաստանին պատուհասած վտանգնե՞րն են ներկայացրել, թե՞ զբոսաշրջիկի կարգավիճակով ամենատարբեր «տուրերի» են մասնակցել: Փաստն այն է, որ արդեն 4-րդն օրն է՝ Արցախի մեր հայրենակիցների գլխին ցեղասպանվելու սուր է կախված, բայց «աշխարհի մի քանի մայրաքաղաքները», բացի «կոչ անելուց», ուրիշ որեւէ կերպով հավանական ոճրագործությունը չեն էլ փորձում կանխել:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «Катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել:
ՀՀ ոստիկանությանը խաբել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս տարվա օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում եւ հայտնաբերել մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, ՀՀ ոստիկանության կարիքների համար նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու եւ Շիրակի մարզերի հերթապահ պարեկային մեքենաների համար համացանցային ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպվել է գնման ընթացակարգ: Հաղթող ճանաչվել է «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը, որի հետ էլ պայմանագիր է կնքվել այս տարվա հունվարի 26-ին: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 320 հազար դրամ: Հետո պարզվել է, որ այս ընկերությունը մատուցել է թերի ծառայություն: Բացի այս, մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է հստակ պահանջ, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա 300կմ/ժ արագությամբ շարժվելիս: Ավելին՝ մատակարարը ՀՀ ոստիկանություն ներկայացրել է ցպահանջ գրություն, ըստ որի՝ ABETECHS GmbH ընկերության գործադիր տնօրենը հավաստում է, որ տեսախցիկները կարող են տարբերակել եւ ճանաչել պետհամարանիշները մինչեւ 400 կմ/ժ արագությամբ շարժվելիս: Պատասխանատու ստորաբաժանումը, առանց փորձաքննության կամ ստուգաչափման, հիմք ընդունելով գրությունը, տվել է դրական եզրակացություն, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, բայց հետո ոստիկանության եւ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի հետ կապված ոստիկանության ներսում ծառայողական քննություն է իրականացվել: Ոստիկանության պետի հանձնարարությամբ դրա արդյունքում կազմված փաստաթղթերը այս տարվա օգոստոսի 22-ին ուղարկվել են ՀՀ դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օգոստոսի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: