Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Հանրային հեռուստընկերության եթերում բավական ուշագրավ հայատարարություններ արեց՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև՝ անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը։
«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան:
Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», – նշեց Գրիգորյանն՝ ըստ երևույթին ընդգծելով, որ ՌԴ-ն ճնշումներ է բանեցնում ՀՀ-ի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու, ինչպես նաև՝ Հայաստանը միութենական երկրի անդամ դարձնելու համար:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում, անխոս, բազմաթիվ խնդիրներ կան, և դա որևէ մեկի համար գաղտնիք կամ նորություն չէ։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններն այսպիսի հարցազրույցների մակարդակում են փորձում բացահայտել հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրները։ Նրա համոզմամբ՝ ճիշտ կլինի լսել նաև ռուսական կողմի արձագանք-պատասխանը։
«Այն, որ 2018-ին Հայաստանում իշխանության եկած քայլիստներն ամեն ինչ անելու էին, որպեսզի փորձեն Ռուսաստանին ուղղակիորեն վտարեն տարածաշրջանից, ակնհայտ էր դեռ այն ժամանակ։ Այդ իմաստով` իրենց գործը փայլուն են կատարում։ Իսկ հիմա հակառուսական տրամադրություններն այն մակարդակի են հասել, որ, օրինակ, սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմի մեջ հայ հասարակությունը Ռուսաստանին է մեղադրում:
Այժմ ՀՀ-ում հակառաուսական տրամադրությունները, Փաշինյանի ու նրա յուրայինների միջոցով, պարզապես բարձակետում են գտնվում: Հիմա Արցախում տեղի ունեցողի մասով պաշտոնական Երևանը մեղքը նորից Մոսկվայի վրա է բարդում: Այո, Ռուսաստանն ունի մեղքի իր բաժինը, բայց խնդիրն այն է, որ Արցախի անվտանգության համար առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է»,- նշում է Համբարյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ նոյեմեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հարցազրույց էր տալիս ու լիովին աջակում, պաշտպանում Նիկոլ Փաշինյանին՝ կարծելով, թե նա, այսպես ասած, իր գրպանում է գտնվում, այժմ հասկանում է՝ Փաշինյանի իրական խաղացնողները շատ ավելի խելացի են, քան կրեմլյան կաբինետներում նստած հին մտածելակերպով չինովնեիկներն են: Այժմյան իրավիճակը մեր զրուցակիցը 1920-21 թվականների հետ է համեմատում, երբ Հայաստանը, վատ հարաբերություններ ունենալով բոլշևիկյան Ռուսաստանի հետ, քավության նոխազ դարձավ: Նախ՝ ռուսները սկսեցին պատժել հայ ժողովրդին, ապա՝ Հայաստանի տարածքների հաշվին ռուս բոլշևիկները եղբայրական հարաբերություններ հաստատեցին թուրքերի ու ընդամենը երկու տարվա պատմություն ունեցող ադրբեջանցիների հետ:
«Հայ ժողովուրդն ու ՀՀ ապագա իշխանությունները պետք է երաշխավորեն, որ ռուսները մեր հաշվին եղբայրական ու բարեկամական հարաբերություններ չեն հաստատելու թուրքերի հետ: Սա մեզ համար կարմիր գիծ է, ինչը պետք է ընկալի ու դրա հետ հաշվի նստի նաև մեր ռազմավարական գործընկերը»,- ամփոփում է քաղաքագետ Համբարյանը:
Սևակ Վարդումյան