Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վաղը կառավարության նիստում նախագիծ է ներկայացնելու, ոիրով առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում։ Հարցը չզեկուցվողների թվում է։
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նկատենք, որ այժմ Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատություն նախատեսված է միայն Հայաստանի Հանարպետության ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարևորագույն սահմանադրիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում հրապարակային կոչի համար, որն ուղղված է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն: Իսկ ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:
Ն․Հ․