ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած. Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Բնականաբար, տարին շատ բարդ և հակասական է, մարտահրավերներով լի, բայց քանի որ գտնվում ենք Կենտրոնական բանկում, ես կուզենայի տարին ամփոփել զուտ ֆինանսաբանկային համակարգի տրամաբանությամբ: Եվ եթե ամփոփում ենք մեր ֆինանսական, բանկային համակարգի արդյունքները, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ աննախադեպ տարի ունենք. բոլոր ցուցանիշներով աճերն այնպիսին են, որոնք կարելի է բնութագրել մեկ բառով՝ աննախադեպ Երրորդ հանրապետության պատմության մեջ:

Այսօրվա դրությամբ մեր բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, և սա շատ լուրջ ցուցանիշ է: Նաև պիտի արձանագրեմ, որ տնտեսության վարկավորման բավական լուրջ ու բարձր ցուցանիշ ունենք: Ընդ որում, այս տարվա ցուցանիշն աննախադեպ չէ. ինձ հետաքրքիր էր, թե որ թվականին էր, որ տարում էր, որ վարկավորման ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ, և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ դա 2020 թվականն էր: Սա շատ կարևոր 2 բանի մասին է խոսում. առաջինը, որ Կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության արդյունքում, 2020թ. պատերազմի և քովիդյան ճգնաժամի տարում, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք տնտեսությանն աջակցել այնքան, որ այն ի վիճակի լինի կլանել աննախադեպ ծավալի վարկեր, ինչը հետագայում հիմք է հանդիսացել կամ հենց այդ ժամանակ ամենակարևոր հանգամանքն է եղել, որ մեր տնտեսությունը չի փլուզվել պատերազմի և քովիդի հետևանքով, այլ, ընդհակառակը, մեր հետագա դիմակայության շատ կարևոր հենարան է դարձել: Եվ հավատում եմ, որ 2022թ. մեր աննախադեպ տնտեսական աճը նաև կապ ունի այս քաղաքականության հետ, որովհետև այդ վարկավորումը, ի վերջո, պտտվել, թափ է հավաքել և տվել կոնկրետ արդյունքներ:

Տարին աննախադեպ է նաև բանկային համակարգի շահույթների իմաստով: Այս տարի բանկային համակարգը շուրջ 187 միլիարդ դրամի շահույթ է գեներացրել: Այս թեմային տարբեր առիթներով անդրադառնալու պատճառներ ստեղծվում են, որովհետև ասվում է՝ դե ինչ կապ ունի, դա չկանխատեսված իրավիճակների արդյունք է: Հենց Կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես ցանկացած համակարգի խնդիրն է՝ պատրաստ լինել և՛ լավագույն, և՛ վատագույն զարգացումներին, այնտեղ, որտեղ հարվածներն անխուսափելի են, վերցնել այդ հարվածները, տանել, հաղթահարել, իսկ այնտեղ, որտեղ հնարավորություն կա, օգտագործել այն: Ի վերջո, այդ ներհոսքը, որ եկել է Հայաստանի Հանրապետություն աշխարհի շուրջ 200 երկրից, իհարկե, շատ տեղերում է եղել, բայց հենց Հայաստանի Հանրապետությունն են ընտրել այդքան մարդիկ գործունեություն ծավալելու համար: Կարծում եմ՝ 2022 թվականին կլանել ենք համարյա մաքսիմումն այն ծավալի, որ կարող էինք կլանել, որովհետև եթե ավելի մեծ պոտենցիալ լիներ, ավելի մեծ պոտենցիալ կլանելու հնարավորություն կունենայինք: Շատ ուրախ եմ, որ Կենտրոնական բանկի մոտեցումն այն է, որ այս տարի գեներացված այդ ռեսուրսները նաև օգտագործվեն այդ պոտենցիալն ավելացնելու համար, որպեսզի հաջորդ ճգնաժամի կամ մարտահրավերների և հնարավորությունների ալիքին ավելի շատ և մեծապես պատրաստ լինենք:

Այս առումով, իսկապես, բանկային համակարգի համար տարին շատ հաջող է, բայց, մյուս կողմից, ուզում եմ արձանագրենք մի բան, ինչը տեսել ենք նաև վերջին տարիներին: Դժբախտաբար, նաև բանկային համակարգը ձեզ հայտնի հանգամանքների բերումով իր շուրջ նեգատիվ ձևավորելու որոշակի ավանդույթ ունի, մանավանդ հետսովետական տարածքում: Որովհետև հասկանալիորեն փող վերցնելը շատ հեշտ է և հաճելի, իսկ վերադարձնելը, իհարկե, ցանկալի է, որ կամ տեղի չունենա, կամ հնարավորինս լավ պայմաններով տեղի ունենա: Եվ պարզ է, որ այս պարզ թվաբանության արդյունքում նաև որոշ քաղաքական նկատառումներով փորձ է արվում ժամանակ առ ժամանակ բանկային համակարգի նկատմամբ նեգատիվ ձևավորել, ինչը պետք է ուղղակի ընդունենք ի գիտություն և ճիշտ կառավարենք այս իրավիճակը:

Ուրախ եմ, որ այս տարի, ի վերջո, նաև Կառավարությունը և բանկային համակարգը համատեղ իրականացնում են սոցիալական բնույթի ծրագրեր, և այս առումով կուզենայի ընդգծել կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որն արդեն իսկ այսօր կարող ենք ասել, նույնիսկ մեզ համար, անսպասելի արդյունքներ է ի ցույց դնում: Նույնիսկ վարքագծային շատ հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք նաև քաղաքակրթական և զարգացման նշանակություն ունեն: Այս առումով կուզենայի, որ մենք բանկային համակարգի հետ մեր աշխատանքը զարգացնեինք 2 ուղղությամբ. առաջինը, ի վերջո, նաև հանրությունը պետք է ավելի ու ավելի տեսանելի կերպով արձանագրի բանկային համակարգի որոշակի սոցիալական պատասխանատվությունը, ինչի դրսևորումները, իմիջիայլոց, ասեմ, վերջին 4 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ ենք տեսել, ընդ որում՝ շատ մեծ ծավալներով, այդ թվում անհուսալի վարկերի վերակառուցման հետ կապված նախագծերը, որն իրականացվել են և այդպես շարունակ: Բայց այս տարի, օրինակ, մենք անհանգստացած էինք նաև վարկերի սպասարկման որակով և ցուցանիշով, և ինձ համար շատ հաճելի էր տեսնել Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որ վարկերի սպասարկման որակական ցուցանիշներով էլ մենք շատ մոտ ենք կամ առնվազն հատել ենք պատմական լավագույն միջինը, և սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս