ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՀՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարքերը հներից, վարկաբեկվածներից ազատելուն եւ դրանք թարմ դեմքերով համլրելուն զուգընթաց, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում սկսել են մտմտալ նախագծեր, որոնք թույլ կտան 5-րդ գումարման ԱԺ բերել Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի եւ նմանատիպ կուսակցությունների մեկ-երկու անդամների. հանրապետականները մտածում են` իսկ ինչո՞ւ չօգտագործել պրոֆեսիոնալ պառլամենտականների փորձառությունը եւ ինտելեկտուալ կարողությունները (փորձված թանի եւ անփորձ մածունի տարբերակով):
2007 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունն իր համամասնական ցուցակով այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԱԺ բերելու նախադեպ ունի` ի դեմս ԺԱԿ-ի նախագահ Սպարտակ Մելիքյանի եւ «Հզոր հայրենիք»-ի փոխնախագահ Շիրակ Թորոսյանի: Այս անգամ, սակայն, ՀՀԿ-ում փորձում են նոր լուծումներ գտնել: Մասնավորապես քննարկվում է այն տարբերակը, որ նրանք մեծամասնական ընտրակարգով առաջադրվեն առանձին տեղամասերում, իսկ ՀՀԿ-ն էլ նրանց ինչպես հարկն է աջակցություն ցույց տա: Բնականաբար, այս քաղաքական ուժերն էլ, խորհրդարանական ընտրություններին որպես կուսակցություն չմասնակցելով, ընտրությունների նախաշեմին կոչ կանեն ընտրել Հանրապետական կուսակցությանը:
Այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խորհրդարան բերելու տեսական մյուս հնարավորությունը 1995 թվականի «Հանրապետություն» բլոկի օրինակով գնալն է, ինչի հնարավորությունը, սակայն, գրեթե զրոյականին մոտ է գնահատվում:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, այդ թվում նաեւ այն մասին, որ աջակցում է Հանրապետական կուսակցությանը, այդ պատճառով էլ ենթադրվում էր, որ ԱԻՄ նախագահը եւս առնչվում է իշխանական այս նախագծին: Սակայն Պարույր Հայրիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ բոլոր լրատվամիջոցները, խոսքները մեկ արած, ապատեղեկացրել են հասարակությանը, եւ հերքեց տեղեկատվությունը, թե ինքը հանրապետականների հետ որեւէ պայմանավորվածություն ունի: «Մեր միակ պայմանավորվածությունն այն է, որ նրանց կողմից որպես ստրատեգիական նպատակ կընդունվի մեր ծրագիրը, որը մենք ուղարկել ենք բոլոր կուսակցություններին»,-ավելացրեց ԱԻՄ նախագահը եւ պարզաբանեց` ապատեղեկատվությունն այն է, որ ինքը չի ասել, թե աջակցում է ՀՀԿ-ին: Հակառակը, ինքն ասել է, որ որեւէ քաղաքական ուժի չեն աջակցի հենց այնպես:
Քանի որ ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունների մասին չցանկացավ խոսել նաեւ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը` պատճառ բերելով նեղացածությունը թերթի լրագրողներից, ապա նշված քաղաքական ուժերի շարքում քիչ, թե շատ էական էր Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի պատասխանը: Թեեւ նա նշեց, որ Հանրապետական կուսակցության հետ ո՛չ համամասնական ցուցակում ընդգրկվելու եւ ո՛չ էլ մեծամասնականների տարբերակով ՀՀԿ-ի հետ քննարկումներ չեն եղել, այնուամենայնիվ, ավելացրեց. «Բայց, իհարկե, չենք բացառում»:
Նշենք նաեւ, որ Խոսրով Հարությունյանը դեռ վաղուց հայտարարել էր, որ իր կուսակցությունն ընտրություններին չի մասնակցելու:
«Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եթե չեմ տիրապետում, ուրեմն չկա նման խնդիր»,-վերոնշյալ սցենարներն իր հերթին հերքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչը բնական ենք համարում` հաշվի առնելով, որ խորհրդարանական հերթական ընտրություններին դեռ 4-5 ամիս ժամանակ կա:
Իրազեկ աղբյուրի տեղեկացմամբ` Նորացված կոմունիստական կուսակցության ղեկավար Յուրի Մանուկյանը եւս շատ է ուզում ՀՀԿ-ի միջոցով հայտնվել խորհրդարանում, սակայն Սերժ Սարգսյանը նրան «հետ է ուղարկել» կոմունիստների մոտ` առաջարկելով բոլոր կոմունիստական ուժերով միանալ Ռուբեն Թովմասյանին: Սակայն, մեր տպավորությամբ, Հայաստանը դեռ շատ հեռու է այն միտումներից, որ ներկայումս արձանագրվում են Ռուսաստանում, որտեղ կոմունիստական կուսակցությունը լուրջ վերականգման է ենթարկվում:
ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն անուղղակիորեն հաստատեց այս տեղեկությունը` հայտնելով, որ ժամանակին ՀԿԿ-ից վտարված Յուրի Մանուկյանից միավորման առաջարկով նամակ է ստացել: Նամակում կարեւորվում է «միավորվելու գաղափարը, սոցիալիստական գաղափարախոսության պակասը լրացնելու անհրաժեշտությունը եւ այլն»: Ռուբեն Թովմասյանին այս նամակը մի կողմից զարմացրել է, մի կողմից` ոչ, քանի որ նրա խոսքով` Մանուկյանը ոչ թե հիմա, այլ պարբերաբար է նման առաջարկներ անում. «Այդ ձգտումները նրանց մոտ վաղուց կան, եւ մենք անընդհատ հետաձգել ենք, չենք արձագանքել»: Այս անգամ կենտկոմի բյուրոն  նամակը քննարկել է եւ մերժել: Ինչ վերաբերում է վարկածին, թե Մանուկյանն ուզում է իրենց միանալ Սերժ Սարգսյանի առաջարկով, ապա ընկեր Թովմասյանն այս մասին տեղեկացված չէր:   
Իսկ Ազգային ժողովրդավարների միավորումը` Վազգեն Մանուկյանի դրոշի ներքո բոլորովին այլ, տիգրանսարգսյանական նախագիծ է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս