«Рафик послал всех нa…»-ի հետեւանքները .Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու գործը մտավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Դավիթ Անդրեասյանը Արևհատ Ասատրյանից հեռախոսային խոսակցության ժամանակ տեղեկանալով ոստիկանության աշխատակիցների կողմից սև գույնի <<Տոյոտա Կորոլա>> մակնիշի 040 II 04 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հորը՝ Ռաֆիկ Անդրեասյանին ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկելու մասին, իրեն պատկանող <<Վազ 2121>> մակնիշի 58 PP 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վարել է դեպի Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծ փողոցի 44 հասցեի ուղղությամբ:

Դավիթ Անդրեասյանը նշված փողոցով երթևեկելու ընթացքում նկատել է ճանապարհի կողնակին կայանված՝ Արևհատ Ասատրյանի նկարագրած ավտոմեքենան, ինչից հետո ավելի քան 70 մետր հեռավորությունից իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և իր ավտոմեքենան վարել դեպի <<Տոյոտա Կորոլա>> մակնիշի 040 II 04 հաշվառման համարանիշի ավտոմեքենային ընդառաջ, ու այն պահին, երբ ոստիկանության աշխատակից Հայկ Ստեփանյանը շարունակել է ավտոմեքենան վարել դեպի ոստիկանության Արարատի բաժին, Դավիթ Անդրեասյանն պաշտոնատար անձ հանդիսացող՝ ոստիկանության աշխատակիցներ Հայկ Լեռնիկի Ստեփանյանի, Վաչիկ ՌաֆիկիՆիկողոսյան և Կարեն Ռամիկի Դավթյանի կողմից Ռաֆիկ Անդրեասյանին բերման ենթարկելու օրինական ծառայողական գործողություններին միջամտելու նպատակով, վերջիններիս հսկողությանն տակ գտնվող գույքը վնասելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծ փողոցի 53 հասցեի դիմացի ճանապարհահատվածում՝ հանդիպակաց երթևեկելի գոտում, իր վարած <<Վազ 2121>> մակնիշի 58 PP 999 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի մասով դիտավորությամբ հարվածել է <<Տոյոտա Կորոլա>> մակնիշի 040 II 04 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի մասին:

Արդյունքում վնասել է ոստիկանության Արարատի բաժնի հաշվեկշռում գտնվող <<Տոյոտա Կորոլա>> մակնիշի 040 II 04 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, միաժամանակ Հայկ Ստեփանյանին պատճառվել է աջ սրունքի ստորին երրորդականի սալջարդի, աջ սրունք թաթային հոդի ջլակապանային համակարգի գերձգման, գլխի առաջային գագաթային շրջանի քերծվածքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, իսկ Վաչիկ Նիկողոսյանին՝ ձախից ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ձևով, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ավտոմեքենաների բախումից հետո Դավիթ Անդրեասյանն իջել է ավտոմեքենայից և, ագրեսիվ ձևով դիմելով ոստիկանության աշխատակիցներին, սկսել է դժգոհել իր հայր Ռաֆիկ Անդրեասյանին ձեռնաշղթաներով իրենց գյուղից ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկելու փաստի առնչությամբ՝ պահանջելով անհապաղ հորն ազատ արձակել: Ոստիկանության աշխատակիցները հորդորել են Դավիթ Անդրեասյանին դադարեցնել նման վարքագիծը, պարզաբանել են, որ իրենք, որպես ոստիկանության ծառայողներ Ռաֆիկ Անդրեասյանին բերման են ենթարկում ոստիկանության Արարատի բաժին, միաժամանակ պահանջել են չխոչընդոտել իրենց աշխատանքը, սակայն տեսնելով, որ Դավիթ Անդրեասյանը չի դադարեցնում իր ագրեսիվ վարքագիծը, ոստիկանության աշխատակիցները Դավիթ Անդրեասյանի նկատմամբ կիրառելով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ՝ ձեռնաշղթա, այնտեղից բերման են ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Նշենք, որ Դավիթ Անդրեասյանը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին է : Նկատենք, որ հոր եւ որդու նկատմամաբ քրեական հետապնդումներ սկսվեցին 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո:

ՀԻշեցնենք, որ 2021 ԹՎականի դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։

Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։

Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։

Ի դեպ Հաղթանակի առիթով Ռաֆիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Рафик послал всех нафиг» հումորային հոլովակ, ինչի համար էր թերեւս հայտնվել են իրավապահների տեսադաշտում:

Ք․Մ․




Լրահոս