ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ
Հոկտեմբերի 24-ին ոտքի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով 29-ամյա Դիանա Մ.-ն եւ նախաբազուկի մասում ստացված վնասվածքով 35-ամյա Արեւիկ Գ.-ն տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց: Ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն` նույն օրը տանը վիճաբանության ժամանակ Դիանա Մ.-ին, այնուհետեւ վիճաբանությանը միջամտած Արեւիկ Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել Դիանա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատված 29-ամյա Ատոմ Բ.-ն: Ատոմ Բ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն:

ՔՆՆԻՉԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
Երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը, որոնց նկատմամբ ՀՔԾ-ում բռնություն է կիրառվել: Այս մասին ՀԱԿ գրասենյակում հայտարարել են իրենք` երիտասարդները, որոնք արդեն դուրս են եկել ՀՔԾ-ից: Նրանք ՀՔԾ էին գնացել փաստաբան Ստեփան Ոսկանյանի ուղեկցությամբ:

ՑՐՏԵՐՆ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ առաջիկա 5 օրերին` հոկտեմբերի 26-29-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ին լեռնային շրջաններում, 27-29-ը` նաեւ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: Ամսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 11-13 աստիճանով: Երեւանում հոկտեմբերի 26-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց այդ գիշեր Երեւանում հոկտեմբերի ամենացուրտ օրը կլինի` -1 աստիճան:

ԻՐԱԶԵԿԵԼ ԵՆ
ՀԱԿ-ի Աջափնյակ համայնքի խումբը երեկ իրազեկման երթ է անցկացրել` անցնելով համայնքի փողոցներով եւ կոչերով իրազեկելով բնակչությանը` ակտիվորեն մասնակցել հոկտեմբերի 28-ի հանրահավաքին: «Պիտի անենք ամեն ինչ սահմանադրական կարգը երկրում վերականգնելու համար եւ պահանջում ենք Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, եւ մենք դրան հասնելու ենք»,-հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀԱԿ ակտիվիստ Գեւորգ Գեւորգյանը:

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 300 զինվորներ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չեն կարողանում տուն վերադառնալ: «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ` զինվորների գործով հետաքրքրվել է ռուսական դատախազությունը: Հարավային ռազմական օկրուգի դատախազությունում հայտնել են, որ զորացրված զինծառայողները չեն կարողանում տուն վերադառնալ տրանսպորտի բացակայության պատճառով: Ներկա պահին դատախազությունը «Զինվորների մայրեր» կոմիտեի ներկայացուցիչների հետ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը:

«ԳԱԼԱ»-Ն ԵԹԵՐՈՒՄ ՉԷ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, ի կատար ածելով ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը եւ ապամոնտաժելով հեռարձակող սարքավորումները, երեկ սկսել է դրանց տեղափոխումը քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակ: Այդ ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է հեռուստաընկերության եթերը:




Լրահոս