
Մեծ Բրիտանիան Ուկրաինային նվիրաբերել Է ավելի քան 1000 VALLON մետաղորսիչ և ռումբերի վնասազերծման 100 հավաքածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Նշվում է, որ VALLON-ն Ուկրաինայի զինված ուժերին «կօգնի հաղթահարել ականապատ դաշտերը և մաքրել անվտանգ երթուղիները ճանապարհների և արահետների վրա»։ Այն կարող է նաև օգնել քաղաքացիական ենթակառուցվածքները և տները պայթյունավտանգ նյութերից մաքրելու աշխատանքներին, ինչը թույլ կտա մարդկանց անվտանգ վերադառնալ իրենց տներ: Իսկ ռումբերի վնասազերծման հավաքածուները նախատեսված են չպայթած ռուսական ռումբերը, զինամթերքը և ինքնաշեն պայթուցիկ սարքերը վնասազերծելու համար:
Ըստ հաղորդագրության՝ հակապայթուցիկ սարքավորումները նորագույններից են տեխնիկայի լայն տեսականիում, որը Մեծ Բրիտանիան նվիրաբերել է Ուկրաինային Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում: Ընդհանուր առմամբ, 2022 թ.-ին Մեծ Բրիտանիան 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։
Հաղորդագրությունում նշվում է, սա Ուկրաինային տրամադրված ամենամեծ ռազմական օգնությունն է և իր ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-ի տրամադրած օգնությանը: