Ներկայացնում ենք Ամանորի գիշերը երազանք պահելու մի քանի կախարդական տարբերակ։
Շամպայն և մոխիր
Երազանք պահելու ամենատարածված տարբերակը մոխիրը շամպայնով բաժակի մեջ լցնելն ու մինչև վերջ խմելն է։ Բայց այս դեպքում պետք է շտապել, որովհետև արարողակարգը պետք է անցկացնել այն ժամանակահատվածում, երբ ժամացույցի զանգերն ազդարարում են կեսգիշերը։Սկզբում պետք է թղթի վրա գրել բաղձալի երազանքը, հետո այրել թուղթն ու մոխիրը լցնել շամպայնով բաժակի մեջ։ Պետք է խմել միանգամից։
Կախարդական աթոռ
Երբ ուղիղ կեսգիշերին սկսեն զարկել ժամացույցի զանգերը, պետք է կանգնել աթոռին և փակ աչքերով ասել երազանքը` պատկերացնելով, թե ինչպես է այն իրականանում։ Պետք է կարողանաք մտովի պատկերացնել ու տեսնել երազանքի իրականացումը։
Տուփով երազանք
Պետք է թղթի վրա գրել երազանքը (միայն թե հիշեք, որ ցանկությունը պետք է հստակ ձևակերպել), հետո թուղթը դրեք ինքնաշեն գեղեցիկ տուփիկի մեջ և կախեք տոնածառից։ Զանգերի ղողանջից առաջ ձախ ձեռքով դիպեք կախարդական տուփին և մտքում կրկնեք. «Թաքուն երազանք, իրականություն դարձի՛ր»։ Այնուհետև հանեք տուփն ու պահեք ձեռքերում։ Ցանկություններով թուղթը պետք է պատուհանից նետել, իսկ տուփը նորից կախել տոնածառից։
«Մոմե» կախարդանք
Ամենաառեղծվածային տարբերակը մոմի կրակի վրա երազանք պահելն է։ Պետք է նախապես զարդարել տոնական մոմը, ուղիղ կեսգիշերին վառել ու երազանք պահել։ Եթե մոմն այրվի մինչև վերջ, ապա երազանքն անպայման կիրականանա։ Եթե մարի, ուրեմն ձեր երազանքը կա՛մ ընդհանրապես չի իրականանա, կա՛մ դուք խոչընդոտների կբախվեք ձեր ճանապարհին։