«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին ռուսական ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում չի բացառել, որ խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող են սրացումներ լինել:
Գործակալության հետ զրույցում նա հիշեցրել է՝ միշտ էլ երբ խոսվել է քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը միմյանց դեմ սադրիչ հայտարարություններ են արել:
«Հնարավոր է՝ այս երկրներն այժմ՝ պայմանագրի կնքման նախաշեմին, մեկը մյուսին պատասխանող բավական լուրջ հայտարարություններ են անում»,- ասել է Բիստրիցկին ու հավելել, որ միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունն իրական վիճակից։
Նրա գնահտամամբ՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն՝ միմյանց դեմ սադրիչ հայտարարություններ միշտ էլ անում են՝ բանակցային դիրքերն ամրապնդելու համար։
«Բայց հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին այդքան գծային չէի խոսի: Ռիսկերը միշտ էլ կան, բայց միևնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ քայլեր են»,- ընդծել է «Վալդայ» ակումբի ներկայացուցիչը:
Ռուսական լրատվական գործակալությունը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ ամերիկյան Foreign Policy պարբերականի վերլուծաբաններն էին տեսակետ հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը կլինի կարճատև, բայց ոչ պակաս ողբերգական:
Սևակ Վարդումյան