Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարը ներկայացրել է կեղծ դիպլոմ, նախաձեռնվել է պաշտոնավարումը կասեցնելու գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գագիկ Սարգսյանը, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գագիկ Սարգսյանը չի ուսանել բարձրագույն մասնագիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում, և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհը չի տվել:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գագիկ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Որոշում է կայացվել Գագիկ Սարգսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:

Գագիկ Սարգսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս