Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն օրերս թուրքական ռազմածովային ուժերի Anadolu դեսանտային նավ կատարած այցի ժամանակ խոսել է թուրք-հունական լարված հարաբերությունների մասին: Այս մասին ռուսական լրատվամիջոցներն են գրում՝ հղում անելով թուրքական աղբյուրներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ներքաղաքական դրդապատճառներից ելնելով՝ Հունաստանի կառավարությունը հարաբերությունները սրում է Թուրքիայի հետ:
Հուլուսի Աքարն ասել է, թե Թուրքիան կողմ է խաղաղությանն ու Հունաստանի հետ երկխոսության շարունակությանը:
«Առկա խնդիրները ցանկանում ենք բանակցությունների միջոցով լուծել: Միջազգային իրավունքի շրջանակներում՝ ուզում ենք Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել: Հունական կողմը, սակայն, խուսափում է հանդիպումներից»,- ասել է Թուրքիայի նախարարն ու հերքել Հունաստանից հնչող այն պնդումները, թե Թուրքիան սպառնալիք է Հունաստանի համար։ Ավելին՝ շեշտել է, թե Թուրքիան վստահելի դաշնակից է:
Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների հավանական հանդիպման մասին էլ Թուրքայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն է հայտարարություն արել՝ նշելով, որ այն կարող է այս ամսին՝ հունվարին տեղի ունենալ:
Չավուշօղուի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով օրերս Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն է հանդես եկել:
Թուրքիայի արտգործնախարարն ասել է նաև, որ թեև այս պահին հստակ չէ, թե հանդիպումը որտեղ կանցկացվի, բայց չի բացառել, որ այն կարող է անգամ Մոսկվայում լինել:
Սևակ Վարդումյան