Ռուբեն Վարդանյանը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը. Օպերատիվ շտաբի նիստ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Պետնախարարին զեկուցվել  է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են  խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:

Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում  ընդգծել է նաև  բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից  իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:

«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և,  անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:




Լրահոս