ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բավականին չոր եւ պաշտոնական ընթացք է ունեցել: Թեեւ երկու կողմն էլ արարողակարգային պարտադիր բառերով համեմված արտահայտություններով ողջունել են միմյանց:
Վլադիմիր Պուտինը, ըստ մեր աղբյուրների, հանդիպման ընթացքում մատնանշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 19 տոկոսով, եւ միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում աճել է եւս 14 տոկոսով: Նա նաեւ մատնանշել է, որ աճում են Հայաստանում ռուսական ներդրումները` կազմելով շուրջ 3 միլիարդ դրամ:
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է նկատել, որ Հայաստանում արտասահմանյան ներդրումների 57 տոկոսը ռուսական են: Իսկ 1500 ձեռնարկությունները Հայաստանում կա՛մ ռուսական են, կա՛մ համատեղ: Նա իր խոսքում նշել է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունների մթնոլորտն այնպիսին է, որ թույլ է տալիս յուրաքանչյուր հարց քննարկել: Ս.Սարգսյանը ցանկություն է հայտնել նոր ծրագրերի հեռանկարները քննարկել ՌԴ վարչապետի հետ, «որոնք էլ ավելի կամրապնդեն մեր փոխհարաբերությունները»: Վլադիմիր Պուտինն էլ այստեղ նկատել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ արդեն խոսված ծրագրերի մասին պատրաստ է ցանկացած քննարկման:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` վերջում երկուստեք հայտարարվել է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները լավ մակարդակի վրա են` գոհացուցիչ:
Հ.Գ. Պաշտոնական այցի շրջանակներում անհայտ մնաց, թե ո՞վ է երեկ գիշերով նրան ճանապարհել:




Լրահոս