ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անպտղություն ունեցող կանանց օգնության շրջանակը կընդլայնվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Մասնավորապես կառավարության օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն այդ օժանդակությունից կարող են օգտվել՝

1. 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր` 6 դաշտանային ցիկլի ընթացքում, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3%):

2. 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց, տրամադրելով 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: Հաշվարկը իրականացվել է այդ տարիքի կանանց մեջ ընդհանուր անպտղության ցուցանիշները հաշվի առնելով, կանխատեսելով, որ առողջական ցուցանիշների, ցանկության, սոցիալական հնարավորությունների համադրմամբ կդիմի ընդհանուր շահառուների 20%-ը։

3. սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող զույգեր, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, տրամադրելով 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Նախագծով առաջարկվող շահառուների բոլոր խմբերի բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի 2 614,6 մլն դրամ, ընդ որում 35 տարեկանում հաշվառվելու, հերթագրվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, ծրագրի շահառու ճանաչված կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը, ուստի նույնիսկ տվյալ ֆինանսական տարվա ընթացքում միջոցների սպառման դեպքում շահառուները կարող են հերթագրվել և բժշկական օգնություն և սպասարկում ստանալ հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում:

Ն.Հ.




Լրահոս