Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են այդ տոնը հունվարի 7-ին, որը ըստ Հուլյան օրացույցի որը օգտագործում են ուղղափառ եկեղեցիները համընկնում է դեկտեմբերի 25֊ին։

Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ ջրօրհնեքի կարգը։ Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում:

Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում։ Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին։ Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախընթաց պահքին։ Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սուրբ պատարագ և տրվում է Սուրբ ծննդյան ավետիսը։ Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս»՝ ի պատասխան լսելով. «Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի»:

Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան Սուրբ պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին՝ ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:




Լրահոս