Մարտի 26-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում անցկացվելու են ավագանու նոր ընտրություևններ: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սիսիան համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը որոշել է մասնակցել ընտրություններին՝ հետագայում համայնքի ղեկավար դառնալու մտադրությամբ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ամբողջ օրը փորձեց մեր ուենցած տեղեկությունը ճշտել հենց պատգամավորից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին:
Հիշեցնենք՝ 2022–ի սեպտեմբերի 25-ին Սիսիանում անցկացված ընտրություններում ավագանու կազմ էին անցել «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:
Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ–ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել: Արդյունքում Դեկտեմբերի 14-ին Սիսիանի ղեկավար ընտրված, բայց իր լիազորություններն այդպես էլ չստանձնած Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Սահմանամերձ այդ համայնքում նախընտրական եռուզեռը մեկնարկել է: