Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին կշնորհվի տարակարգ։ Ավելին, տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար կտրամադրվի: Այս որոշման նախագիծը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրային քննարկման։ Օրինակ, ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին կտրվի հավելավճար.
1) առաջին աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով,
2) երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի չափով,
3) երրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 300 տոկոսի չափով: Նշենք, որ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:
Սակայն որոշման այս նախագիծը մի շարք քաղաքացիների մոտ դժգոհություններ է առաջացրել։
Նրանցից՝ Մարինե Հովհաննիսյանը գրել է՝ պահանջելով ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տարակարգ շնորհել մշտական․ «Քանի որ տարակարգ ստացած մանկավարժը այդ 5 տարիների ընթացքում կատարելագործվում և մասնագիտական վերելքներ է գրանցում, 5 տարի հետո խրախուսանքը դադարեցնելը ճիշտ չէ։ Պահպանել ստացած տարակարգը, եթե մանկավարժը 5 տարիների ընթացքում չի դիմել ավելի բարձր տարակարգ ստանալու»։
Մեկ այլ քաղաքացի Գոհար Ղազարյան անունով, ողջունել է նախագիծը եւ շնորհակալություն հայտնել «հրաշալի հնարավորության համար»։ Բայց միաժամանակ նշել է հետեւյալը․«Մի առաջարկ֊խնդրանք, որպեսզի տարակարգ ստանալու հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն ունենան մանկավարժները, մասնակից ֊մանկավարժների անունից կխնդրեմ սեմինար֊հանդիպում անցկացնել»։
Քաղաքացիների մի հատված պահանջել է վերանայել տարակարգի բնութագրիչները, իսկ մի մասն էլ, դրանք իրատեսական չեն համարել։
Սյունէ Համբարձումյան