Սամվել Ֆարմանյանն էլ այն երիտասարդ «ինտելեկտուալներից» մեկն է, ով չափազանց կարճ ժամանակամիջոցում կարողացավ տեղ ունենալ հայրենի քաղաքական «արեւի տակ» եւ դառնալ իշխանությունների սայլին լծված բացառիկ պաշտոնասերներից մեկը, ով պատրաստ է ցանկացած գնով ծառայել:
Այս երիտասարդը ծնվել է Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում, այն գյուղում, որտեղից սերում է Արթուր Բաղդասարյանը: Ազգակցական-բարեկամական կապեր, հավանաբար, ունի ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ, այլապես չէր հայտնվի իշխանությունների տեսադաշտում: Ավարտելով Գյումրու ակադեմիական վարժարանը` գերազանցիկ պատանին ավարտել է նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2003 թվականներին էլ սովորել է Շվեդիայի Լունդի համալսարանի արեւելյան եւ հարավարեւելյան ասիական հետազոտությունների կենտրոնում եւ պաշտպանել մագիստրոսական ատենախոսություն:
2003-ին ընտրվելով Ազգային Ժողովի նախագահ` Արթուր Բաղդասարյանն իր համագյուղացուն կարգեց ԱԺ նախագահի խորհրդական` միաժամանակ հանձնարարելով ղեկավարել «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւը: Այս երիտասարդական թեւ կոչվածը, որի առաջնորդներից մեկն էլ Սերգո Երիցյանի որդին էր, շատ էր հիշեցնում երիտասարդ ֆյուրերականներին: Հիտլերականության սինդրոմով առաջնորդվող ՕԵԿ նախագահի նման Սամվել Ֆարմանյանն էլ իր սեփական հպատակների թիմն էր ստեղծել, ովքեր պատրաստ էին կուսակցության գրասենյակում հայտնվող երիտասարդ առաջնորդի առջեւ ոտքի ցատկել ու գրեթե «հայ Հիտլեր» կանչել: Սամվել Ֆարմանյանը կուսակցությունում զբաղված էր երիտասարդների ուղեղների լվացմամբ, արթուրբաղդասարյանական քարոզչությամբ: Ուստի գրեթե բոլոր երիտասարդները զոմբիացված էին, զրկված սեփական մտքերն արտահայտելու իրավունքից ու հնարավորությունից:
Երբ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ իրեն ընդդիմադիր հռչակեց, Սամվել Ֆարմանյանի վարքագծում որեւէ փոփոխություն չնկատվեց: Որեւէ ընդդիմադիր հայտարարություն չարեց, որեւէ կերպ ցույց չտվեց, որ իր կուսակցության առաջնորդներն ընդդիմադիր են խաղում… Սամվել Ֆարմանյանին հանձնարարված էր կատարել «պասիվ ընդդիմադիրի» դեր: 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը «քցեց» երիտասարդ առաջնորդին` նրան չընդգրկելով համամասնական ցուցակի «անցողիկ» տեղերից որեւէ մեկում: Սա օրինաչափ էր ԱԱԽՔ-ի համար, քանի որ Ֆարմանյանը դեռ այնքան ֆինանսական միջոցներ չուներ, որ կարողանար հայտնվել շեֆի սիրելիների ցուցակում եւ ոչ էլ այնքան վստահելի էր, որքան Բիշարյան Հեղինեն, Շահգելդյան Մհերը կամ էլ բոլորին հայտնի «պահեստապետ Խաչիկը»` Խաչիկ Հարությունյանը: Ֆարմանյանն առաջադրվեց նաեւ մեծամասնականով եւ որոշակի հաջողությունների հասավ, իհարկե, այստեղ գլխավորապես աշխատեցնելով իր երիտասարդ ֆյուրերականներին:
Դրանից հետո տեղի ունեցավ խզումը Սամվել Ֆարմանյանի եւ պաշտելի կուսակցության միջեւ: Ֆարմանյանը հեռացավ` շրխկացնելով դռները: Կուսակցությունից հեռանալուց հետո նա հայտնվեց ինչ-որ հայ-շվեդական կազմակերպությունում, որտեղ ստանում էր մոտ երեք հազար դոլար աշխատավարձ: Սակայն նրան նաեւ քաղաքական գործչի իմիջն էր հետաքրքրում, ուստի նա չէր կարող հեռու մնալ քաղաքականությունից եւ Սերժ Սարգսյանի տեսադաշտից:
Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն գնահատեց նրան, նշանակեց վարչապետի խորհրդական եւ միաժամանակ հանձնարարեց Ֆարմանյանին «ընտրել» Միացյալ ազատական կուսակցության` ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար: Այս կուսակցության քաղաքական եւ գաղափարախոսական «պլատֆորմը» որքան հեղհեղուկ, նույնքան էլ նպատակամետ էր. սատարել վարչապետ Սերժ Սարգսյանին, նրա քաղաքական հենարանը դառնալ եւ քարոզչություն իրականացնել ընտրությունների ժամանակ:
«Մեր հայացքն ուղղված է ապագային: Մեզ հետահայաց դիմակայություն, պատմական անցյալի շուրջ մեկնաբանություններ, պատմական անցյալի շուրջ քննադատություններ եւ այլն, պետք չեն, եւ համարում ենք, որ դա անպտուղ է, առավել եւս` այսօր»-այսպես ժամանակին հայտարարեց Սամվել Ֆարմանյանը: «Մենք փորձելու ենք թթվածին մատակարարել շնչահեղձ լինող մեր քաղաքական դաշտին»,-սա էլ Ֆարմանյանի մյուս հայտարարությունն էր: Թե ինչ թթվածին հաղորդեցին երիտասարդ քաղաքական գործիչներն ու հատկապես Սամվել Ֆարմանյանը, ոչ ոք չիմացավ: Նրանք իրենք իրենց թթվածին հաղորդեցին` զբաղեցնելով նոր պաշտոններ եւ ազատորեն օգտվելով իշխանական կերատաշտից: 2008-ին ակտիվորեն ներգրավվելով Սերժ Սարգսյանի ընտրարշավին` Սամվել Ֆարմանյանն այսպես էր բացատրում իր եւ կուսակցության դիրքորոշումը, ասես ինքը լիներ կանոնադրության հեղինակը:
Սակայն հետո որոշվեց, որ մեր պետությանը նոր Գեբելս է պետք, որը պետք է վերահսկի լրատվական դաշտը: Ու Ֆարմանյանը դարձավ հեռուստառադիոյի լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն: Լրատվական գործունեությունից հեռու այս երիտասարդը սկսեց համակարգել լրատվությունը` պատնեշներ դնելով բոլոր ընդդիմադիրների, իշխանությունների տեսակետներին հակառակ տեսակետ ունեցողների առջեւ: Գրաքննությունը դարձավ «Հայլուր»-ի հենքը, ապատեղեկատվությունն ու իրականության գունազարդումը գերխնդիրներ համարվեցին…
Բացի գաղափարախոսական «բիզնեսից», Սամվել Ֆարմանյանը որոշեց նաեւ նյութականի անցնել: Եւ իր առաջին աշխատանքներից մեկն այն եղավ, որ լուծարեց հեռուստատեսության բուֆետն ու Գագիկ Բունիաթյանի հետ «քյաբաբնոց» բացեց հեռուստատեսությունում: Հանրայինի անձնակազմն, իհարկե, չի օգտվում այս «քյաբաբնոցից», մարդիկ գերադասում են ուրիշ տեղ սնվել կամ իրենց հետ նախաճաշ բերել: Ու սա շատ է զայրացրել Սամվել Ֆարմանյանին, ով վերջերս մի ժողովի ժամանակ քննարկման է դրել այն հարցը, թե ինչու լրագրողները «քյաբաբնոցից» չեն օգտվում… Այն, իհարկե, Սամվել Ֆարմանյանին եկամուտ ապահովող միակ օբյեկտը չէ, որովհետեւ այս երիտասարդը հաջողացրել է մի շարք այլ բիզնեսների տեր դառնալ…
Հ.Գ. Նույն Սամվել Ֆարմանյանը, երբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն էր, նախագահականում կազմեց «սեւ ցուցակ», որտեղ հայտնված լրատվամիջոցները Ս.Սարգսյանի ներկայությամբ կազմակերպված որեւէ միջոցառման պետք է ներկա չլինեն: Ի դեպ, այդ ցուցակը պահպանվում է մինչ օրս: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը երբեւէ նախագահական նստավայրի որեւէ միջոցառման ներկա լինելու հնարավորություն չի ունենում:
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆՈՐ ԳԵԲԵԼՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ