Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Կոնգրեսը փոխել է իր մարտավարական ծրագիրը եւ իշխող վարչախմբի դեմ պայքարելու համար ստեղծելու է քաղաքական նոր ճակատ` մոբիլիզացնելով ուժերը, որպեսզի հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին:
ՀԱՐՑ. Ի՞նչ զարգացումներ կհետեւեն այս քաղաքական քայլին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունները, ես ոչ մի քաղաքական զարգացում կամ փոփոխություն չեմ սպասում, եթե չհաշվենք կյանքում տեղի ունեցող ֆորսմաժորային իրավիճակները: Սակայն այսօրվա դեպքերը մեզ հուշում են, որ ոչ մի արդյունքի չի կարելի սպասել, քանի որ ինչպես 2009թ.-ի ընտրություններին, 2012թ.-ի ընտրությունների դիրիժորը Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, մնացյալ խոսակցություններն ու ելույթներն անիմաստ են, եւ վերջիվերջո, ծառայում են գործող դիկտատորին: Ուստի իմ ասածը հասկանալի դառնալու համար պետք է գիտակցել, որ արմատական փոփոխություններ հնարավոր չեն ընտրությունների միջոցով: Նրանք, այսօր խոսելով ընտրություններից, պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին, եւ իմ համոզմամբ` նրանք այս բռնատիրական ռեժիմի վերարտադրմանը մեղսակից են:
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը չի առնչվում «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ ինքը պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Նման քաղաքական քայլին ոչ մի արտառոց զարգացում չի կարող հետեւել:
ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա իրենց հերթական, սովորական հայտարարություններն են: Քանի որ իրենք տեսնում են, որ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ոչ մի բանի չհասան, փորձում են վեկտորն ուղղել դեպի նախագահական: Ըստ իս, նրանք դրանով ոչինչ չեն կարող ասել: Հերթական խոսքեր են, որոնք կարտահայտեն հերթական հանրահավաքներում: Եթե ցանկանում են Ազգային Ժողովում տեղեր ունենալ, պետք է զբաղվեն այդ ընտրություններով, ոչ թե միտինգներում փորձեն հայտարարություններ անել:
ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ասած, չեմ կարող ասել: Կուզեմ, որ դրական լինի արձագանքը: Կուզեմ, որ քաղաքական հասարակական հրամայականները հասկանալի լինեն: Ի վերջո, Սերժ Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականը չէ, այլ Հայաստանի առջեւ ահագնացող մարտահրավերների դեմն առնելու այսօրվա լուծումն է: Ովքեր կգիտակցեն այդ խնդիրն ու կարեւորությունը` ի պատիվ իրենց:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ