Շրջող խմբերն այցելում են մանկապարտեզներ. ինչ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը վերահսկողություն է իրականացնում մանկապարտեզներում. շրջող խմբերն այցելում են մանկապարտեզներ եւ ստուգում: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը:

Տեղեկացնենք, որ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: «Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշված է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

«Ինչ որ շրջաբերականում է նշված, ըստ էության դա հրաման է, դա անում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը»,- տեղեկացրեց Սարդարյանը: Վերջին օրերին երեխաների հաճախելիությունը փոքր-ինչ նվազել է. ծնողները խուսափում են ուղարկել մանկապարտեզ՝ վիրուսներից պաշտպանվելու համար: «Բայց դա աննշան է, եւ առաջիկա օրերի ընթացքում հաճախելիությունը կբարձրանա: Բացի այս, ծնողների մի մասն արձակուրդում է եւ չի բացառվում, որ հենց այդ պատճառով իրենց երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկում»,- նկատեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հարցին՝ հնարավո՞ր է սուր շնչառական վարակների և գրիպի աճի պատճառով մանկապարտեզները ժամանակավորապես փակվեն, Լեւոն Սարդարյանը պատասխանեց՝ նշելով. «Ոչ, դա առողջապահության մակարդակով պետք է արվի, եթե արվի: Բայց նման հարց չկա, չի քննարկվում»:

Սյունէ Համբարձումյան 




Լրահոս