Գիշերը Երևանում տեղացած ձյունը, ըստ Երևանի քաղաքապետարանի հավաստումների, որևէ խոչընդոտ չի առաջացրել: Ավտոբուսներն ու տրանսպորտային մյուս միջոցները, հանգիստ, անարգել դուրս են եկել ավտոպարկերից ու սկսել երթևեկությունը: Այս մասին այսօր գործավարական քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն է խոսել: Ավելին՝ Արեյանը հավելել է, թե ԱԻՆ-ից ու Ոստիկանությունից ահազանգեր չեն եղել, հետևաբար կարելի է հանգիստ շունչ քաշել:
Իրականությունը սակայն այլ է: Առավոտյան Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների երկրորդական փողոցները, շենքերի բակերն արդեն հալված ձյան հետևանքով առաջացած սառույցի շերտով էին պատված: Քաղաքացիները շենքից մինչ կանգառ, կանգառից աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար ստիպված էին գեղասահորդի հմտություններ բանեցնել:
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը փոխանցեց, որ շենքի բակերի մաքրման և համապատասխան միջոցների կիրառման պարտավորությունը համատիրություններին են, որոնք Երևանի քաղաքապետարանից համապատասխան քանակությամբ աղ և ավազ են ստացել:
«Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա միշտ առաջնայնությունը տրվել է գլխավոր փողոցներին և պողոտաներին, հետո նոր միայն՝ երկրոդական փողոցներին»,- նշեց նա:
Իրականությունը սակայն այն է, որ Երևանի շենքերն ու երկրորդական փողոցներն աղի ու ավազի երես չէին տեսել: Ու առաջիկա կոտրվածքներից կամ պատահարներից խուսափելու համար կարիք կա, որ պատասխանատու մարմիններն իսկպաես պատրաստվեն միշտ անակնալ տեղացող ձյանն ու ձնամաքրման աշխատանքներին:
Սևակ Վարդումյան