Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա տղամարդուն ծեծի ենթարկել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր պատճառել եղբոր 29-ամյա որդին, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով այրել էր անկողինը, որի մեջ հորեղբայրն էր՝ անգիտակից վիճակում:
29-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հավելենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր դեպքի մասին՝ նշելով նաև սպանության հավանական դրդապատճառը: